Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/443

Այս էջը սրբագրված է

բայրը յերբ առավոտյան զարթնելիս շտապով հավաքում եր իր զգեստները, վազում եր դեպի վառարանը և այնտեղ կրակի առաջ կծկված հագնվում եր, նրա մտքովն անգամ չեր անցնում, թե այսքան դժվարությամբ ե ձեռք բերվում ածուխը, թե այդ հիվանդոտ, միշտ հազացող աղջիկը այսքան ցուրտ ե քաշում: Յեվ այդ քույրը մեռավ։ Մի առավոտ, յերբ ինքը զարթնեց, քույրն անշարժ պառկած եր իր անկողնում. հայրը չեր յերևում, — յերեխան նրան համարյա չեր տեսնում, — մայրը կամացուկ լալիս եր, փոքրիկ կողովը դատարկ եր, և վառարանը չեր վառվում։ Յերեխան լավ հիշում ե, վոր այդ որը զարթնելուց հետո ինքը շատ մրսեց, յերբ շորերը հագնում եր, և քրոջ մահը ցավ պատճառեց մանավանդ այն պատճառով, վոր այդ եր արգելք յեղել վառարանը վառելուն, բայց նա ամենևին ջեր հասկանում, թե վառարանի կրակը այդպես դժվար ե ձեռք բերվում։ Քրոջ մահից հետո մայրն եր գնում ածուխ բերելու և յերեխան մոռացավ քրոջ մահը, վորովհետև առավոտները զարթնելիս նա դարձյալ կարողանում եր իր շորերը տաք վառարանի առաջ հագնել: Այդ ժամանակ մտքովն անգամ չեր անցնում, թե այդ կողովը վերջիվերջո մեջքին կնստի։


Բայց յերեկ առավոտ նա զարթնեց և մորը գտավ հիվանդ պառկած, կողքին մի փոքրիկ յերեխա, վոր չգիտես ինչու ճչում եր անդադար, սենյակը դարձյալ ցուրտ եր, վառարանը սառը։ Նա շորերը հագավ դողդողալով։ Մայրն ասաց, վոր ինքը հիվանդ ե, վոր այս պստիկը մի նոր քույրիկ ե, գիշերն ընկել ե յերկնքից, վոր այդ իր մեռած քույրն ե ուղարկեր վոր մեծանա, նրա փոխարեն գնա, ածուխ բերի։


— Իսկ մինջև այդ, ասաց մայրը, — դու պետք ե գնաս ածուխ բերելու։


— Մայրիկ, շուտ կմեծանա իմ քույրիկը։


— Հա, վորդի, շուտ կմեծանա, վոր սենյակը տաք լինի, շատ շուտ կմեծանա:


Հետո մայրն ավելացրեց, վոր իր տղան խելոք ե, քաջ տղա յե, վոր նա կլսի մորը և իսկույն կերթա ածուխի. նա խոմ ճանաչում ե ածխավաճառի խանութը։


Յեվ այսպիսով, փոքրիկ կողովը հայտնվեց նրա մեջքին։ Ահա այս եր մտածում յերեխան, յերբ բարձրանում եր ձյունոտ զառիվայրով։


Ցուրտ եր, բեռը ծանր, վոտների տակ ձյունը ճռճռում եր, աջ ձևռքը, վորով բռնել եր կողովի պարանը, սաստիկ կապտել եր. նա դուրս հանեց գրպանից ձախ ձեռքը, բռնեց պարանը և սկսեց փչել սառած ձեռքը տաքացնելու համար, բայց նրա խղճուկ շունչն ել այնքան տաք չեր, ջանքերն իզուր անցան։