մինչդեռ իր խղճուկ մեջքը ծռված ե իր բեռի տակ, ապա նա մի դառն հայացք ձգեց իր հակառակորդի վրա ու առաջ շարժվեց։
Հազիվ միքանի քայլ արած՝ նա հանկարծ զգաց հենց իր գլխին
ձնագնդի մի սաստիկ հարված. ցավը խիստ եր, բայց նա ել
չարտասվեց, այլ կատաղած հետ դարձավ։ Իր խոսակիցն եր
խփողը, վոր իր սահնակի վրա նստած՝ սլանում եր դեպի ներքև,
հետ—հետ նայելով ու հռհռալով։
Վշտացած մանուկը վճռեց վազել, բռնել նրան, քաշել պատռել
նրա թանգագին, տաք վերարկուն, կախվել նրա յերկայն մազերից
և քաշ տալ սառած ձյան վրա, վոր նա յել մրսի, միքանի հարված
տալ գլխին, վոր նա յել լաց լինի, արցունք թափի իր պես: Սահնակը
շատ արագ եր իջնում, իր կոշիկները շատ եյին ծանր, շատ
եյին մեծ, մեջքի բեռն ել ճնշում եր, ճնշում, բայց զայրույթն
այնքան մեծ եր, ցրտից, տանջանքից կուտված մաղձը այդ փոքրիկ
սրտում այն աստիճան թունոտ եր, վոր նա, ամեն բան մոռացած,
թափով ձգվեց նրա հետևից, ահագին կոշիկները ճռճռացին ձյան
վրա, նա կրկին սայթաքեց և այս անգամ այնպիսի ուժով փռվեց
գետնին, վոր կողովը շուռ յեկավ, ածուխը թափվեց, դեմքը թաղվեց
ձյան մեջ, քիթն արնեց, առաջի ատամները խրվեցին շրթունքների
մեջ. հակառակորդին բռնելու ել հնար չկար: Նրա ցավն ու
զայրույթը գագաթնակետին հասավ, բայց նա դարձյալ չարտասվեց,
այլ կատաղությունից կծոտեց իր վիրավոր շրթունքները, սղմեց
իր կապտած բռունցքը, բարձրացրեց ոդի մեջ վեր վեր և ճչաց
սպառնալի ձայնով.
— Սպասիր, մենք ելի կպատահենք։
Նրանք հեռու չեն ապրում իրարից, անշուշտ ելի կպատահեն։
ՓՈՂՈՑՈԻՄ
Ուշ գիշեր եր։
Մեղմությամբ՝ ինչպես ճերմակ փետրիկներ, ձյունի խոշոր
ու թեթև հատիկները մաղվում եյին յերկնքից և սպիտակ սավանով
ծածկում փողոցները, պատերը, կտուրները։
Թախծոտ ու լալագին մի բան կար գիշերային խավարի մեջ
կծկված քաղաքի քար լռության մեջ։ Թվում եր, թե հնազանդ մի
անիրավ ճակատագրի՝ նա դատապարտված ե մնալ այդպես համր
ու անշարժ, վորպեսզի ձյունը վերից թափվի, դիզվի, բարձրանա
նրա թիկունքին, ինչպես յերկնային անեծք։
Յեվ ձյունը թափվում եր, թափվում եր, իսկ քաղաքը կարծես
լուռ ականջ եր դնում նրա մեղմիկ քսսոցն։