Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/450

Այս էջը սրբագրված է

խղճուկ մլավյունը։ Ծերունու գլուխը քաշ ըկավ կրծքին, քունը տանում եր։ Նա ցած իջավ իր տեղից, շփեց ձիու գլուխը, քայլեց յետ ու առաջ, վոտքերը գետին զարկեց.իզուր, քունը հաղթում եր , ցուրտն ել սաստիկ: Արևելքից սկսեց փչել սառը քամին,վոր նշտարի պես ծակում եր։ Քամուց պաշտպանվելու համար նա բարձրացավ նստեց կառքի մեջ, աշխատելով չքնել:


Խփեց Ժամը յերեքը:


Անցավ զինվորական պահակը. նրանց սվինները մի վայրկյան փայլեցին փողոցի լապտերի լուսի առաջ, ապա կորան մթության մեջ։


Քամին սաստկացավ. բուք եր, փոթորկոտ, սոսկալի գիշեր. ձին դողդողում եր ամրողջ մարմնով, դոփում եր գետինը, փնչացնում ու տնքում. իզուր, նրան ել լսող չկար. կառապանը խոր քուն մտավ, և քամու մռնչոցի հետ լսվում եր նաև նրա խուլ, կանոնավոր խռմփոցը։


— Ճանապարհ, ճանապարհ...


Նույն հարբեցողն եր, վոր ով գիտե, ինչ խենթ քմահաճույքի դրդումով, յետ եր գալիս, գլխաբաց, մազերը քամուն տված, ամբողջապես ձյունապատ: Ուժեղ քամին նրան յերերում եր. այս ու այն կողմ ձգում, բայց և այնպես նա ելի պատերից բռնելով, առաջանում եր։


Նա հասավ կառքին:


— Դու դեռ այստեղ ես, — բացականչեց նա. — պարոնին ե սպասում, հիմար...


— Հու—հու, ըշտ. և նա բռունցքի մի ուժեղ հարված իջեցրեց ձիու թիկունքին։


Կենդանին կարծես հենց դրան եր սպասում. փնչացրեց, շարժվեց և, առանց կառապանի, առանց ղեկավարի, առաջ սլացավ ամայի փողոցներով, մինչդեռ կառապանը շարունակում եր խռմփալ ներսում, կառքի մեջ:


— Հառաջ, հառաջ, — հնչում եր յետևից մոլորված հարբեցողը և ուրախ եր, վոր կառքը գնաց։


— Պարոնին եմ սպասում, հիմար, — մռմռում եր նա, նայելով հեռացող կառքին։


Ձին գնում եր հաստատ քայլվածքով. նա ճանաչում եր փողոցները և շուտով կանգ առավ տիրոջ դռանը։


Դռնապանը կառքի աղմուկի վրա դուռը բացեց, դուրս յեկավ և զարմանքից քիչ մնաց վոր ճչա, տեսնելով անտեր կառքը։ Մեջը նայեց. զարթեցրեց քնած կառապանին։ Վերջինս վար ցատկեց.