Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/457

Այս էջը սրբագրված է

մյուս կողմից սարսափի հաճույքը բռնում ե սիրտը, և այս յերկու զգացմունքները հրեշավոր չափերի հասած՝ բաղխվում են իրար, հոգին փոթորկում. նա ուզում ե և՛ փափչել, և՛ մնալ հավիտյան իր տեղում մեխված։ Ներքևում յեռացող անդունդին յերկար նայեյլիս՝ մարդ դողում ե և յերկար ժամանակ անհաղթելի պահանջ զգում վայր նետվել այնտեղ, այդ կրակե մրրիկի վոլորտների մեջ, կատաղած տարերքին խառնվել, վորը կարծես իր մասն ե, իր համար ե վոռնում այն դժոխքում։ Յեվ այս ժամանակ, առանց ինքն իրան հաշիվ տալու, կպչում ե իր հարևանի կողքին, բռնում ե նրա ձեռքը և բոլոր ուժով սղմում ե, կարծես վոսկրները փշրելու համար։ Գերագույն վտանգի առաջ ինքնապաշտպանության բնազդից դրդված՝ ապրել ուզող կենդանին ձգվում ե դեպի իր նմանը և ոգնություն հայցում։


Ասում են, վոր յերկյուղի և մանավանդ անորոշ ու փորհրդավոր յերկյուղի աղբյուրը տգիտությունն ե. անհայտն ու խավարը սարսափի մայրն են. այդ ճիշտ ե, բայց այստեղ, հրաբղխային այս լեռան գժությունների առաջ, մարդկային բանականությունն ու գիտությունը պապանձվում են, գլուխը դադարում ե գործելուց։ Ի՞նչ փույթ, յեթե գիտես, վոր յերկրի արգանդում գործող ուժերն են այս բոլորի պատճառը. դրանով սարսափը մազի չափ չի թուլանում. մարդ կենդանին շարունակում ե դողալ իր կյանքի համար, շարունակում ե որորվել վոչնչության ու մահի յերազներում։


Նույն տեղ, վտանգավոր շավդով պտույտ ենք գործում կրատերի շուրջը, ցած ենք գալիս մի տեսակ շշկլված, անորոշ վիճակի մեջ։ Մեզանից վոչ վոք չի խոսում, տպավորություններ չեն հաղորդում, իրար ել չենք նայում. յուրաքանչյուրն ապրում ե իր առանձին աշխարհում, կարծես վոչ վոչ ուշքի չի յեկել կրած խորին հոգեկան ցնցումներից: Իջնելը հեշտ ե. սահում ենք ավազների վրայով, իսկ մեզանից վեր, մեր յետևում Վեզուվը շարունակում ե տնքալ, դղրդալ, շարունակում ե քրքրել իր արգանդը՝ դարերի յերկունքով։

«ԻՏԱԼԻԱՅՈՒՄ»