Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/463

Այս էջը սրբագրված է


* * *


ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ԹՇՎԱՌԻՆ




Ո՞վ ես դու, յեղբայր, — քեզ չեմ ճանաչում.
բայց քո սրտամաշ լացը տեսնելիս
և յես վշտացած արցունք եմ թափում.
հուզվում ե սիրտս, տանջվում ե հոգիս։

Միշտ տխուր, տրտում, միշտ լուռ միայնակ,—
դու չես մասնակցում կյանքի խնճույքին.
չկան քեզ համար վոչ սեր, վոչ բերկրանք,
լացն ու տանջանքն ե միայն քո բաժին։

Թափառում ես դու խուլ փողոցներում,
փախչում, ծածկվում ես մարդկանց հայացքից.
կարծես մարդկանցում ել չես հավատում
գտնել անկեղծ սիրտ վշտիդ. կարեկից:

Կարծես քո աչքին բովանդակ աշխարհ
սառցապատ ծո և անկարեկցության,
և քո արցունքը — աշխարհիս համար
անսպառ աղբյուր վայրագ խնդության:

Ո՜հ վոչ, հավատա, յեղբայր իմ թշվառ,
դու հոգուս անկեղծ, խորին զգացման.
հավատա, վոր քո տանջանքի համար
շատերն են անկեղծ տանջվում ինձ նման...


ՊՈԵՏԻՆ



Պոետ, դու հպարտ սեգ արծվի նման,
բարձրից մի նայիր տգետ ամբոխին.
և կծու յերգով մի ծաղրիր նրան,
շանթեր մի թափիր խղճուկի գլխին։

Ինչո՞վ ե, ասա, ամբոխն հանցավոր,
վոր խորթ են նրան քո հոգու ձայներ.
դու վարդ ես յերգում, պոետ բախտավոր,
յերբ նրա կյանքին պատած են փշեր...