Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/475

Այս էջը սրբագրված է

նից առաջ այցելեցինք գյուղի յեկեղեցին, վոր գտնվում եր շինություններից դուրս , մի առանձնացած բլրակ լանջի վրա, վորտեղից բացվում եր մեր առաջ թե՛ գյուղի, և թե՛ շրջակաների տեսարանը։ Յեկեղեցին մի անպաճույճ շինություն եր, մամռապատ կտուրով և փայտե, խարխուլ զանգակատնով։ Տեսնելու արժանի վոչինչ չուներ իր շուջը, բացի փոքրիկ բանջարանոցը, վոր գտնվում եր յեկեղեցու առաջ և վոռոգվում բավական հորդ առվակով: Մեզ ուղեկցող հյուրընկալի ասելով՝ այդ բանջարանոցը ծառայում եր տեղական քահանային և տալիս եր նրան ուտելու սոխ, կանաչեղենք, միքանի տասնյակ վարունգ և ձմեռվա համար միքանի հատ դդում։


— Այս ջրով կարելի յեր դրախտ ստեղծել այստեղ, իսկ ձեր քահանան միայն սոխով ու վարունգով ե բավականանում, — նկատեցի յես հյուրընկալիս։


— Եդ ջրով, հրամանք ես, շատ բան կշինվեր ըստի. ամա ինչ արած, վոր դերը (քահանան) եշխ (աշխույժ) չունի, — պատասխանեց գյուղացին։


— Դուք շինեցեք, — վրա բերավ ընկերս։


— Մենք ինչ շինենք։


— Ծառեր տնկեցեք, վազեր շարեցեք, զբոսնելու ճանապարհ բացեք, յեկեղեցին հո տերինը չե՞։


— Դերինը չի, գիդամ. ժողովրդինն ա. ամա վոր դերը չթողնի, մենք ինչ կարանք անել։


— Ինչպես թե չթողնի. ի՞նչ իրավունք ունի արգիլելու, — բացականչեց Պետրոսը և տեսնելով, վոր քահանան յեկեղեցու կողմից իջնում ե դեպի մեզ, ավելացրեց, — սա՞ յե ձեր քահանան. թող մի գա այստեղ, տես ինչպես եմ հանդիմանում։


— Թող, այ մարդ, ինչ գործ ունիս, ինչ հանդիմանության ժամանակ ե. դեռ առաջ մի ծանոթացիր մարդուն, — նկատեցի յես։


— Ի՞նչ ծանոթություն, բան չունի՞ս, — պատասխանեց ընկերս և կռվելու պատրաստվող աքաղաղի նման հարձակողական դիրք բռնեց։


— Թող, քե մատաղ, խոսալ մի. դերն ինձանից կնեղանա, — խնդրեց հյուրընկալը։


Բայց Պետրոսն արդեն մի քայլ առաջացել եր դեպի քահանան, վորը մոտենում եր։


Սա տարիքով հիսունի մոտ, առողջակազմ, հաստամարմին, ալեխառն մորուքով և բարի դեմքով մի մարդ եր։ Հագած եր սև մահուդից կարած մի պարեգոտ, վորն հնությունից արդեն մաշվել, գունատել եր։ Ծածկած եր գառան մորթուց պատրաստված գլխարկ. վոտքերին ուներ քոշեր, իսկ ձեռքին, դեղնափայտի գավազան։