Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/476

Այս էջը սրբագրված է

Տեր֊Մակուչը (գյուղի քահանայի անունն եր) հեռվից տեսած լինելով մեզ, իբրև հայ քահանա , շտապել եր մեզ վողջունելու և, իբրև նորեկնեի, բարի գալուստ մաղթելու։


Այդ իմանալով յես՝ շտապեցի Պետրոսից առաջ անցնել և գլխարկս հանելով՝ « որհնյա տեր» ասել։


— Աստված որհնեսցե, բարի գալներդ,— պատասխանեց տեր հայրը և ձեռքը նախ ինձ, ապա Պետրոսին տալով՝ վողջունեց մեզ սիրով և այնպիսի մտերմությամբ, վոր կարծես թե հին բարեկամներ եյինք։


Պետրոսը, վոր անհամբերությամբ եր սպասում վողջույնի այս ծիսակատարության, հանկարծ , առանց վորևե հառաջաբանի, հարցրեց.


— Տեր հայր, ի՞նչ ե նշանակում ավետարանի այս խոսքը, «դուք վոչ մտանեք և վորոց մտանենն՝ չտայք թույլ մտանել»։


Քահանան , վոր այսպիսի անակնկալ հարցի չեր սպասում, նախ շփոթվեց, ապա ինքն իրան գալով՝ ժպտաց և մեղմով հարցրեց.


— Ընչի՞ հմար ես հարցնում։


— Ինչպես թե ինչի համար. քահանա յես, շատ անգամ ժողովրդի առաջ կարդում ես ավետարանի այդ խոսքերը. այժմ կամենում եմ իմանալ, թե հասկանո՞ւմ ես դրանց նշանակությունը թե վո՛չ։


— Բաս վոր չհասկանանք,վոնց կարանք կարդալ, վորդի,—պատասխանեց տեր հայրը։


— Դե՛հ, վոր հասկանում ես, թարգմանի՛ր տեսնեմ։


— Վո՞նց թարգմանեմ, ավետարանը ըստի պիտի, վոր կարդամ թարգմանեմ. առարկեց քահանան ժպտալով։


-Ա՛յ յես բերան ասում եմ ե՞լի, «դուք վոչ մտանեք և վորոց մտանենն՝ չտայք թույլ». դեհ, թարգմանիր։


— Սաքի դու դրա միտքը իմանում չե՞ս։


— Իմանում եմ։

— Բա՝ խի՞ յես հարցնում։


— Հարցնում եմ տեսնեմ դու յել իմանում ես թե՞ վոչ։


— Ա Մուքի (Միքայել), ես մեր Մինարանց Ակոբի տղան չի՞,- դարձավ քահանան մեր հյուրընկալին։


— Հա , ա դեր, Ակոբ աղի տղան ա,—պատասխանեց գյուղարին։

-— Աստոծ պահի, լավ մենծացել ա , հորը քեոմակ կըլի (կոգնի),- հարեց քահանան, աշխատելով այս միջանկյալ հաճոյախոսությամբ ազատվել Պետրոսի հետապնդությունից։