Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/484

Այս էջը սրբագրված է

կին եր, միջահասակ ու վտիտ մարմնով, խորշոմած յերեսով, կկորցված աչքերով բայց դեմքի բարի ու միամիտ արտահայտությամբ:


Տեսնելով մեզ բակում, նա ձախ ձեռքով հովանի արավ աչքերին, կարծես աշխատելով ճանաչել մեզ և ապա հարցրեց.


— Ո՞ւմ եք ուզում։


— Վեդունց Սարգսի տունը սա՞ յե, — հարցրի յես, իբր չճանաչելով:


— Հա, ես ա, — պատասխանեց պառավը:


— Սարգիս—ապերը տա՞նն ե:


— Հրեն բախչումը (պարտեզ) ծառի տակը բհում (փորում) ա:


— Բախչան վո՞րտեղից գնանք, — հարցրի յես։


— Այ կյումի կողքով վեր անցեք, դուռն ընտի յա, — հայտնեց պառավը։


Հազիվ թե մենք շուռ յեկանք, նա ավելացրեց. — Ամոթ չլինի հարցնելը, դուք հով եք։


— Ոտար մարդիկ ենք. յեկել ենք ձեր գյուղը տեսնելու, — ասացի յես։


— Բա վորդիան եք գալի, — հետաքրքրվեց նա։


— Շատ հեռու տեղից, պատասխանեցի յես։


— Ել հա, հո աշխարքի են ճնդիցը (ծայրիցը) չեք գալի. մին ասեցեք տենամ վոր շհարից եք։


— Յես Թիֆլիսից եմ գալի, իսկ իմ այս Մոսկովից։


— Դու Թիֆլիզի՞ց ես գալի. վա՜յ մատաղ ըլեմ, բա խի՞ շուտ չես ասում... Այս խոսքերով պառավը մոտեցավ և ձեռքը տալով ինձ՝ վողջունեց այնպես սիրով, վոր ասես թե իր քեռորդուն կամ վորևե հարազատին եր պատահել, և ապա հարցրեց. — Մի ասա, քե մատաղ, մեր Վանուն (Հովհաննեսին) ել տեսա՞ր։


— Ձեր Վանո՞ւն... կներես, նանի, չեմ ճանաչում.— ասացի։


— Ճնաչում չե՞ս... բա մեր Վանուն արարած աշխարը ճնաչում ա, եդ վո՞նց ա վոր դու ճնաչում չես։


— Վո՞րտեղ ե լինում։


— Սուդումն ա ըլում, քե մատաղ, ատվակատ ա, գողերին ու մարդասպաններին նա յա Սիբիրից ազատում։ Դու խի՞ չես ճնաչում:


Պառավի վերջին տեղեկությունը ոգներ հիշողությանս։ —


— Այո, այո, այժմ ճանաչում եմ, այնտեղ նրան Վեդով են ասում։


— Հա, քե մատաղ. վոնց ա, սաղ, սալամաթ ա։


— Տեսել եմ, նանի, շատ առողջ ե. միամիտ յեղիր, — ապա հովացրի պառավին։