Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/486

Այս էջը սրբագրված է

— Անշուշտ սա յե Վեդունց Սարգիսը, ասացի յես Պետրոսին և նրա հետ միասին առաջացա դեպի նրան։


Սա հաղթանդամ, բարձրահասակ, բայց մի փոքր կորաքամակ ծերունի յեր, մոտավորապես յոթանասուն տարեկան: Թաշկինակով կապած գլխի շուրջը մազ չեր յերևում, բայց ընչացքն ու կարճ մորուքը բոլորովին ճերմակ եյին։ Նրա դեմքի արտահայտոսթյունը խիստ եր, բայց վոչ չար. իսկ աչքերը, թեպետ ծածկված թավամազ հոնքերով, սակայն ցոլացնում եյին խելք և բարություն։ Նա հագած եր կոշտ կտավե շապիկ՝ կապույտ նաշուրի ոձիքով, իսկ դրա վրայից սև դադաքի, մի հնամաշ արխալուխ։ Վարտիքը, վոր կարած եր գյուղում գործված բրդե շալից, ուներ նույնպես միքանի կարկատան և սրունքների մոտ սեղմված եր սև տոլաղներով: Վոտքերին ամրացրած եյին հասարակ կաշվի տրեխներ, իսկ մեջքը սեղմած սև կտավի մի գոտիով։


Նշմարելով մեզ միքանի քայլ հեռավորության վրա, նա իսկույն գործելուց դադարեց և բահը դեղձենու բնին դնելով՝ առաջացավ դեպի մեզ:


— Բարի աջողում, Սարգիս ապեր, — ասացի յես առաջին անգամ, և մոտենալով՝ ձեռքս պարզեցի դեպի ծերունին։


— Ա՛յ աստծո բարին. բարով եք յեկել, — պատասխանեց նա ժպտալով և իր կոշտ աջով մեր ձեռքը թոթվելուց հետո շարունակեց.— Հավատաս (յերևի) դուք եք Սհարանց Մուքու ղոնաղները:


Ամբողջ գյուղն արդեն գիտեր, վոր մի որ առաջ հյուրեր են յեկել Սհարենց Մուքու տունը, և մեզ, ահա, այդ անունով եր դունում ծերունին:


— Այո, Սարգիս ապեր, մենք ենք։


— Բարով եք յեկել, հազար բարով. կըլի վոր լավ բանի հմար ըլեք յեկած, աստոծ աջողի։


— Մի առանձին բան չունինք, հենց ման գալու համար ենք յեկել:


— Ինչ վոր ա, բաբի ըլի: Աշխարի շառն (չարն) ենքան շատացել ա, վոր մարդ ջուր խմելու հմար ել թե տեղիցը վեր կենա, պտի աստոծ կանչի, վոր բարի ըլի։ Ձեզանից վո՞րն ա Մինարենց Ակոբի տղեն։


— Յես եմ, — պատասխանեց Պետրոսը։


— Հա՞, քու հերը լավ մարթ ա, լավ ել հայ ա ղադրը (յերախտիքը) գիտո՞ւմ ես, պատիվ ես տալի։


— Ինչպե՞ս կարող եմ պատիվ չտալ, քանի վոր նա իմ հայրն ե:


— Ի՞նչ գիդամ. ես այամումը ըսկի վորդին հորը ճնաչում չի: