Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/504

Այս էջը սրբագրված է

պարտապան,վոր ունի վճարելիք իր պարտատիրոջ, այսինքն ազգին, ուստի և մտածե այդ պարքը վճարելու յեղանակի վրա, և վճարե սիրով, համարելով այդ պարտքը վո՛չ թե բեռն ու ծանրությն, այլ իր սրտին, հանգիստ և հոգվուն՝ հաճույք բերող մի գործ: Մի յերկու ամիս ևս, և մենք կթողնենք այն տաճարները, վորոնց հարկերի տակ մեր սրտերում ցանեցին գիտության ու բարվո,ճշմարտի և գեղեցկի լավագույն սերմերը. մի յերկու ամիս ևս, և մենք կբաժանվինք իրարից, ո՞վ գիտե, գուցե հավիտյան։ Արդ, քանի միասին ենք, քանի տեսնում և լսում ենք իրար, ահա խոստանում ենք միմյանց՝ ընկերի և ուսանողի ազնվագույն խոստումով, վոր մեր սրտերում ցանված սերմերը պիտի աճեցնենք կյանքում հիսնապատիկ, հարյուրապատիկ և այդ սերմերից յելած պտուղները վայելել տանք նախ՝ այն ազգին ու ժողովրդին, վորին պատկանելու պատիվն ունինք և ապա թե դրանից բաժին հանենք մեզ։ Չենք վորոշում, իհարկե թե ով մեզանից ինչ չափով ե պարտավոր ծառայել ազգին, բայց հավատում ենք, թե մեզանից յուրաքանչյուրը սիրով պիտի լսե այն ձայնը, վոր կանչում ե՝ «հունձը շատ ե, բայց մշակները սակավ են», հետևապես և պիտի շտապե դառնալ «մշակ» այդ «հունձերի» համար և աշխատել ու քրտնել ազցի անդաստանում։ Խոստանում ենք, վոր վոչ վոք մեզանից պիտի հետ քաշվի վատաբար կամ ասե, թե իմ ուժն անկարող ե ազգի կարիքները լցնելու, այլ պիտի աշխատե ըստ իր կարողության, հիշելով այն առածը, թե «ուր կամք կա, այնտեղ կա և ճանապարհ»։ Յեվ իրավ, յեթե ջուրը իր կաթիլներով ծակում ե ապառաժը, միթե մեր կամքը այդ չէ կարող անել։ «Ամենալավ իմաստությունը հաստատ վորոշումն ե», ասում եր Նապոլեոնը։ Յեվ յես կարծում եմ, յեթե մենք ևս կյանքի մեջ հետևենք այդ իմաստուն խրատին, անշուշտ կգործենք ավելի հաջողությամբ, քան կարող ենք այժմ յերևակայել։ Մեր ժողովուրդն, իրավ, կարիքներ շատ ունի, և այդ ամենը մենք չենք կարող դարմանել։ Բայց յեթե այսոր մենք մի մասը դարմանենք և վաղն ուրիշները՝ մի ուրիշ մասը, և այսպես գործը շարունակվի անընդհատ, կարիքները կդարմանվին կարճ ժամանակում, և ցավերը կվերանան անզգալապես։ Աշխատող ձեռքը, պարոններ, չի պտրիլ յերբեք վարդալիր պարտեղ, այլ կերթա այնտեղ, ուր հողն անմշակ ե և դաշտերը խոպան։ Պատմության մեջ հայտնի բազմաթիվ անձինք նշանավոր են դարձել և ազգերի ու սերունդների սերն ու սիրտը գրավել վոչ այն պատճառով, վոր իրենց անձն են սիրել, կամ շահը խնամել, այլ վորովհետև նվիրվել են հասարակաց բարուն, ժողովրդին ու հայրենիքին։ Դրանցից շատերն սկսել են գործել ամենաաննպաստ պայմաններում, շարունակ արգելքների ու հալածանք-