Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/510

Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ միտք,—հարցրեց յերիտասարդը։


— Մարկոսովենց տուն հո գնացի՛ր, Ադելինին տեսա՞ր,- հարցրեց մայրը խորհրդավոր յեղանակով։


— Այո՛, գնացի. Ադելինին ել տեսա. հետո՞։


-Իբրև չգիտես ինչո՞ւ համար եմ հարցնում,—նկատեց մայրը խորամանկ ժպտով։


- Վոչ:


— Չե՞ վոր մի որ հավանում եյիր նրան։


— Հենց հիմա յել հավանում եմ:


— Հո տեսնում ես թե ի՞նչե դառել... ինչպես մեծացել, գեղեցկացել ե։


- Այո՛, շատ ե գեղեցկացել:


— Ե, այդպես աղջիկը վոր քեզ սիրում լինի և քո պատճառվ ել Բուժոմ լինի գալիս, ի՞նչ կասես դրան։


Յերիտասարդը նայեց մոր աչքերին և ուսերը վեր քաշեց։

— Գեղեցկությունը կա, ուսումը կա, քառասուն հազար ել բաժինք...Այս ամառ անպառճառ բանը կվերջանա, վորովհետև ծնողները համաձայն են, աղջիկն ել համաձայն ե համաձայն. հարցը մնում ե քեզ վրա։ Ի՞նչ ես ասում դու։


Յերիտասարդը, կարծես, տատանվում եր։ Ադելինի անունը մի փոքր պղտորեց նրա միտքը. յեթե յերևակայությանը ևս թույլ տար իր առաջ պատկերացնելու գեղանի որիորդին, այն ժամանակ արդեն հոսանքը կտաներ իրեն։ Այդ պատճառով, կարծես, իր թուլությունը զգալով, վեր կացավ տեղից և «դեռ տեսնենք, մտածենք, ժամանակ շատ ունինք» ասելով դուրս գնաց պատշգամբ։


Չնայելով վոր այդ առթիվ մայր ու հայրը մի անգամ ևս լուրջ վիճաբանություն ունեցան իրենց վորդու հետ և այս անգամ մայրը վոչ միայն հուզվեց, այլ և կարողացավ լաց լինել, այսուամենայնիվ Պետրոսը մնաց անընկճելի։ Միակ զիջումը, վոր նա արավ ծնողներին, այն եր, վոր խոստացավ չերկարացնել ճանապարհորդությունը և աշխատել մի քանի շաբաթով վերադառնալ Բորժոմ։


Այս պայմանը խաղաղացրեց յերկու կողմերն ել, և Պետրոսը մի լուսնկա յերեկո իր պարկ ու պուրկը կառքի մեջ ժողովելով, ճանապարհվեց դեպի յերկաթուղու կայարանը։


ԳՅՈՒՂՈՒՄ.


Սեմյոնովկայից ճանապարհը սկսում եր փոքր ինչ ցածրանալ, իսկ բնության շքեղութլունները նվազում եյին։ Միքանի կանաչկոտ բլրակներ անցնելուց հետո յերևացին Չիբուխլվի աղքատիկ ցանքերը հարուստ սևահողի վրա։