Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/513

Այս էջը սրբագրված է

— Սա յա, բա։ Հրեն, չես տենում մեր Աստվածածինը. հին յեղցի յա. միքիչ դենն ել մեր դերի (քահանայի) տունն ա. հրեն ինքն ել մրոքը չալին տալեն ցան (աթար) ա դարսում: Են կուսինն ել տանուտերինն ա։ Ըստիան ել միքիչ վոր աշմիշ ըլենք, շենի աղբյուրն ա, լավ ջուր ունի, շատ, Մարալինջի տակիցն ա գալիս: Միքիչ դենն ել Բալղչայն ա։ Ծովն ել հու ամեն որ առաջին ա։ Մին խոսքով լավ գեղ ա. տեսնելու բաներ շատ ունի. հրեդ ման կգաս, կտեսնես։


Կամսարյանը լսում եր տիրացվին և աչքերը մեքենայաբար դարձնում դես ու դեն, առանց, սակայն, ուշադրություն դարձնելու նրա ցույց տված տեղերի վրա։ Վորովհետև այդ վայրկենին նրան զբաղեցնում եր այն միտքը, թե յեթե, իրավ, սա՞ յե հայ գյուղացու բնակավայրը, ապա հազիվ թե հնար լինի իրեն ապրել այդպիսի տեղ ու գործել։ Յեվ, սակայն, չնայելով այդ կանխահաս վհատության, նա վորոշեց մտնել այդ «գյուղ» կոչված ավերանոցը, գոնե վորոշ չափով նրան ճանաչելու և ուսումնասիրելու համար։


Տիրացվի խորհրդով և Կամսարյանի համաձայնությամբ Ովանեսը կառքը քշխց դեպի տանուտերի տունը: Գյուղի շները, վորոնք սովոր եյին լռությամբ նայելու խճուղին անցնող ճանապարհորդներին, մեծ աղաղակ բարձրացրին գյուղը մտնել համարձակող կառքի և ձիերի դեմ, համարելով այդ անսովոր մի բան։ Տիրացու Մոսին, իբրև ծանոթ անձն, իր սաստող հրամաններն արձակեց շների դեմ, միքանիսին, մինչև անգամ, հականե անվանե կանչերով։ Աղմկարարները կամաց կամաց ցրվեցան, և կառքը կանգ առավ տանուտերի տան առաջ:


— Աղջի, քյոխվեն տանն ա,— հեղինակավոր ձայնով հարցրեց Մոսին տարորինակ հագուստներով և գլուխը փաթաթած միջահասակ մի կնոջ, վոր կանգնած եր բակում։


Վերջինս առանց ձայն հաներու ձեռքով հովանի արավ աչքերին, իբրև թե դեմքը ծածկել ուզելով, ապա յերեսը մի կողծը ծռած, շարժեց գլուխը բացասական կերպով վոր կնշանակեր, թե տանը չե։


— Բա ո՞ւր ա։


Կինը ձեռքի շարժուծով ցույց տվավ գյուղի դուրսը, կամենալով հասկացնել, թե հանդումն ե։ Բայց, միևնույն ժամանակ, գուշակելով, վոր նորեկը, անշուշտ, հյուր պիտի լինի իրենց, մոտեցավ դռան առաջ խաղացող տղային և նրա բերանով խնդրեց, վոր «աղան» շնորհ անե իջնելու, մինչև վոր ինքը մարդ կուղարկե ամուսնու յետևից։