Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/55

Այս էջը սրբագրված է

ՅԵՐԵՎԱՆԻ ԲԵՐԴԸ


Լեռ քարափի վրա ցից գլուխը բարձրացնում, թամաշա յա անում հանդարդ՝ հազար գլխանի դևի պես՝ Յերևանու՝ հազար տարեկան քավթառ, պառաված, չորս կողմը խանդակով կապած, բըրջերով դայիմացրած, սուր սուր ատամները գլխին շարած, հինգ դաղաչափ հասա պարսպով յերկու տակ բռնած, մեկ վոտը Կոնդումը, մեկ վոտը Դամուրբուլաղի գլխին դրած, մեկ բերանը հյուսիս, մեկը հարավ բաց արած, չորացած գլուխը յերկինքը ցցած, լեն փեշերը յերկրումը փռած, անամոթ յերեսը կոկած, սվաղած հազար բնով, հազար փանջարա աչքերը դես ու դեն չռած, ջուխտ չանգերով Զանգվի՝ քարոտ, զարհուրելի, սևադեմ ձորը խտտած, դոշին կպցրած, անմազ, անլեզու, մարդակեր բերդը, ու դեղնած յերեսը հեռու տեղից ծածկում, ագահ աչքերը գետնին քցում, վոր միամիտ տեսնողին դհա շուտով խաբի, դհա հեշտ էր ծոցը քաշի ու բիրադի անձեն անսաս կուլ տա, փչացնի։


Պարսիկ նրան շինեց, խորամանկ, խաբեբա, թե ոսմանցի նրա հիմքը դրեց՝ կատաղի, անհաշտ, վոչ գիր կա, վոչ թարեղ։ Նրա պատմութթունը խավարի միջումն ա, մարդ ուղիղ չի գիտի, չի լսել. բայց հազարավոր ժամանակ՝ անահ, անվախ՝ պինդ յերեսը լիրբ գազանի պես դեմ տված, վորքան թոփի թոփխանի գլուլլեք ել նրա կոշտ քամակին, նրա կակող դոշին, նրա բաց գլխին դիպան, վոչինչ չի ազդեց, քյար չարեց։ Կորցրած թևերն ել յեդ սաղացրած, ջարդած վոսկոռներն ել յեդ պնդացրած, գլուխը վեր քաշեց, ել յեդ շունչ առավ, վեր կացավ, կանգնեց՝ ուսերը դզեց, վոլորեց, սարքեց, ու ել յեդ հարբա գալով, հաթաթա տալով, իր գլուխը քորողի, իր շվաքի հտ խաղացողի թուլության, փոքրոգության, անգորության ու հիմար հանդգնության վըա ծաղր անելով, ծիծաղելով, ծափ տալով, պպին կանգնեց, մատը ցցեց ես հողաշեն, այլ վոչ քարաշեն բերդը ու խենեշ դիմոք՝ իր կոտրած վոտները Զանգվի բերանը խցկելով, մնաց տեղը նստած, Զանգվի, վոր գիշեր ցերեկ անքուն, անղարար, գժված, կատագած նրա բաց դոշին, նրա անիրավ սրտին՝ իր պլոկած ջրի անբերան թրովը, քարի ուրաքովը վեր հատում, զարկում ա, բայց տեսնելով՝ թե չի կարում ջիգրը հանիլ, վրեժն առնիլ, նրան քանդիլ, գոռալով, գանգատելով, կական բառնալով, քիչ քիչ ձենը փորը քցում ու մունջ մունջ յերեսը կալնում, Զանգիբասարի ծոցն ա մտնում ու հույսը կտրած, սիրտը կոտրած, տխուր դես ու դեն ցրվում, ցնորվում ու հազար բարի, հազար պտուղ ու արդյունք տալով, բաշխելով, ճամփեն մոլորում, կորչում ու չի կարում իր սիրուն քվորն ելա Արաղին մեկ խաբար