Կըժերն ուսած` թըռվըռալով
Ջուրն են իջնում աղջիկներ,
Խընդում իրար ուսի տալով,
Երգը զընգում սարն ի վեր:
-Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Են ու՞մ յարն է նըստած լալի
Հոնգուր-հոնգուր են սարում:
Ա՜յ պաղ ջըրեր, զուլալ ջըրեր,
Որ գալիս եք սարերից:
Գալիս` անցնում հանդ ու չոլեր,
Յարս ել խըմե՞ց եդ ջըրից:
Յարաբ խըմե՞ց, յարաբ հովցա՜վ
Վառված սիրտը են յարի,
Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ
Անքուն ցավը ջիգյարի...
-Աղջի´, քու յարն եկավ անցավ
Վառված, տարված քու սիրով,
Էրված ջիգյարն` եկավ անցավ,
Չըհովացավ պաղ ջըրով...
Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ ե տալի, փըրփըրում.
Ա՜խ, իմ ազիզ յարն ե լալի
Հոնգուր-հոնգուր են սարում: