Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/556

Այս էջը սրբագրված է
(Խումբը երգում է)

* * *


Աղջի, բախտավո´ր,
Երնե՜կ քու սերին,
Քու սարի սովոր
Սև-սև աչերին:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Սեր-օրեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:
Մեռնեմ գարունքիդ,
Ծաղկած գարուն ես,
Սարի պես մեջքիդ
Կանգնած յար ունես:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Սար-յարեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:



(Անուշը մենակ)

* * *


Ա՜խ, իմ բախտը կանչում ե ինձ,
Չեմ հասկանում` դեպի ուր…
Դողում ե պաղ նըրա ձենից
Իմ սիրտը սև ու տըխուր:
Դուք ել, սարի սիրուն ծաղկունք,
Թաքուն մի ցավ ունիք լուռ,
Աչիկներըդ լիքն ե արցունք,
Սիրտներըդ սև ու տըխուր:
Ա՜խ, ծաղիկներն ես աշխարհքում
Տանջվում են միշտ եսպես զուր,
Տըրորվում են ու թառամում`
Սիրտները սև ու տըխուր:



(Խումբը հեռվից)

* * *


-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Վառ ցավեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:



ԵՐՐՈՐԴ ԵՐԳ

XII

* * *


Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,
Հըրճվում եր անզուսպ ամբոխը գյուղի.
Գյուղն եին իջել հովիվ պատանիք`
Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի:
Ու պարից հետո լեն հըրապարակ
Բաց արին մեջտեղն արձակ գըլխատան,
Զուռնաչին փըչեց կոխի եղանակ,