Ու մարդասպանը դուրս եկավ ձորից,
Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր.
Սարսափ ե կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված ե բոլոր:
Առանց նայելու մարդկանց երեսին,
Առանց խոսելու, սևակնած, դաժան,
Մոտեցավ սրահին, կախ տըվավ սընին
Սև հըրացանը` սև օձի նըման:
Պապանձվեց նույնպես ամբոխը մեխված,
Ոչ ոք ծըպըտալ չի համարձակվում,
Մենակ մի հոգի անզուսպ կատաղած`
Հարա՜յ ե կանչում, երեսը պոկում:
Մեռած չոբանի պառավ նանն ե նա`
Ցավից խելագար, բառաչում, լալիս.
Տարաբա´խտ ծընող, վազում ե ահա,
Ձորիցն ե տըխուր գոռոցը գալիս: