Այս էջը հաստատված է

Յեվ ահա դրա համար ել հայ ժողովրդի գիտակցությունը բարձրացնելու նպատակով թարգմանվում են յեվրոպական մտածողները, վիպագիրները, լուսաբանվում հայ կյանքի յերևույթները «լուսամիտ գաղափարների» տեսակետից և ապա ցուցադրվում ե կուլտուրական Յեվրոպայի պատկերը, դեպի վորը պիտի ձգտեր և հայ հասարակությունը։

Միայն նույն 19֊րդ դարի յերկրորդ կեսից սկսած մենք նկատում ենք կապիտալիզմի և քաղաքների աստիճանական զարգացումը Կովկասում: Յեվ դրա հետ միասին ռուսահայ ինտելլիգենցիայի վորոշ խմբակներ սկսում են վախենալ ապագայի համար, ցավել, վոր քայքայվում ե գյուղական հասարակությունը։ Յեվ ահա հենց այս ժամանակից սկսվում ե մեզ մոտ յուրորինակ նարոդնիկական շարժում: Հրավիրում են բոլորին դեպի ավելի «լավ», «արդար», «մաքուր» գյուղը, ուր տիրում ե հավասարություն և բարեկեցություն։ Գրվում են վեպեր, ուր նկարագրվում ե այդ շրջանի ավետյաց յերկիրը։

Բայց քաղաքներն ավելի ու ավելի բարգավաճում են և յերկաթե ճիրաններով դեպի իրենց քաշում գյուղական թարմ ուժերը, վորով քայքայվում ե ու տարրալուծվում գյուղական հասարակությունը: Գյուղերում հայտնվում են ինչ-վոր նորաձև մարդիկ, վորոնք հրամայում են, գոռում բոլորի վրա և կաշկանդում գյուղացիներին տնտեսական ամուր թելերով։ Վաշխառուներ, գյուղի «մեծեր», հարուստներ, աղաներ—գյուղական նոր զարգացող բուրժուազիան ե դա։ Գյուղը դառնում ե մի «խավար աշխարհ» ուր հեծեծում են թշվառները, աղքատները, տիրում ե ամենուրեք անոգնականություն և հուսահատ կացություն:

Այդ արդեն յերրորդ շրջանն ե, վոր դեռ Պերճ Պռոշյանի վերջին գրվածքներում սկսում ե մի փոքր մեղմ, ծածկված նկարագրվել։ Դարավերջին հայ գրողների մոտ այդ «նոր իրականությունը» յերևան ե հանվում էր ամբողջ մերկությամբ։


Խ. Աբովյանը սովորարար համարվում ե ռուսահայ գյուղացիության առաջին խոշորագույն վիպասանը: Այդ կարծիքն իրավացի յե միայն վորոշ չափով։

Աբովյանի հիմնական աշխատությունը՝ «Վերք Հայաստանին», հիրավի, տալիս ե 19-րդ դարի առաջին տասնամյակների հայ գյուղի հետաքրքրական և բնորոշ ուրվանկարը։ Ընդհանուր գծերով այդ վեպի մեջ բնորոշվում են գյուղական կյանքի բնահատուկ յերևույթները,