Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/604

Այս էջը սրբագրված է

— Քավոր Հովսեփն ե մեղավոր, վոր հիմա չի խոսացրել,— ասաց Գեվորգը:


— Այ քավոր, յես ինչ անեմ,—պատասխանեց Հովսեփը ամաչկոտությամբ.— քանի անգամ եմ ուզել խոսեցնեմ, չի յեղել, մեծ սանամերը հակառակվել ե, չի թողել։


— Դատարկ բան ե,— կրկնում եր թամադան,— աղջի, խոսա։


— Սանամեր, դե խոսա ելի, տեսնում ես ինձ խայտառակում են։


Ամենքը բարձր ձայնով ծիծաղեցին։


Սաթենիկը մտատանջության մեջ եր ընկել: Նա տատանվում եր առանց սկեսուրի հրամանի այդ քայլն անելու։ Բայց պառավին հայտնելը նշանակում եր մի արգելք ստեղծել։ Առանց իրավունքի խոսել նշանակում եր առիթ տալ սկեսուրին նոր փոթորիկ բարձրացնել և սրտնեղությունների պատճառ դառնալ: Վորը ընտրել։ Սաթենիկը մոտեցավ ամուսնուն, կռացավ նրա ականջին և խորհուրդ հարցրեց.


— Հարկավոր չե աղուն ասելը, — պատասխանեց Գեվորգը բարձրաձայն,— եդ բանում մեղք չկա։ Քավորը ասում ե, ենքան մարդ ել խնդրում, ել ինչ ես սուս կացել: Յեթե տղին դրա համար խոսելու լինի, յես նրա պատասխանը կտամ։ Շուտ արա, մարդիկը սպասում են։


Սաթենիկը ժողովեց իր բոլոր ուժերը, բաժակը րարձրացրեց և համարձակ ձայնով արտասանեց.


— Շնորհակալ եմ, վոր արժան համարեցիք իմ կենացը խմելու։ Սաղ լինեք, ուրախ։


Խմեց գինին և շտապով գնաց խոհանոց:


— Աղջի, ի՞նչ յեղար դու, եդքան ուշացար, — գոչեց Թամամը վրդովված,— ի՞նչ ես ծնոտդ կախ գցում, են տղերանց մոտ կանգնում։ Դու յել մի ամաչես։


— Յես ինչ անեմ. իրանք պահեցին,— պատասխանեց Սաթենիկը ժպտալով:


— Ի՞նչու պահեցին,— հարցրեց սկեսուրը հետաքրքրությամբ։


— Կենացս խմեցին, հետո թե՝ պիտի քո բերանով շնորհակալություն անես: Յես ել, դե, քավորի հետ չեմ խոսում. նա խոսցրեց, յես ել շնորհակալություն հայտնեցի։ Ասացի՝ թողեք գնամ աղուն հայտնեմ, տղադ թե՝ յես աղուն պատասխանը կտամ։


Մինչ Սաթենիկը պատմում եր կատարած քայլի մասին, պառավը արդեն իր կատաղության գագաթնակետին եր հասել։ Նրա շրթունքներն ու ձեռները դողում եյին: Ուզում եր խոհանոցի փայտերից մեկը վերցնել և հարսի գլխին խփել, բայց իրան զսպեց: Ատամների արանքով, ձայնը խեղդած և լի կրքով նա գոչեց.