Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/610

Այս էջը սրբագրված է

-Ել ոյին եր մնացել, վոր մերդ աղջկանս գլուխը չբերի՞,- ասաց զոքանչը, պա ծննդկանի հետ եդպես կվարվեն։ Յեկավ եստեղ. յերեսի գույնը եդ պատի գույնն եր դառել։ Սաղ ջանով դողում եր։ Ծածկել եմ, նոր ե սկսել տաքանալ։ Հրես Սոնային ուղարկում եմ, վոր գնա յերեխաներին բերի. փոքրին ծիծ տալ ե հարկավոր ես գիշեր։


— Ի՞նչ անեմ յես.— գոչեց Գեվորգը հուզված և լացակումածք,- ջոկվելու յեմ,կնկանս հետ առանձին ապրեմ։ Ինչ վոր մերս ուզի, կտամ,միայն թե կնկանս ազատ թողնի։ Գյուղացիք ուզում են՝ թող խոսեն. իմ կոջ կյանքը ամեն բանից թանգ ե ինձ համար. ել չեմ կարող համբերել ու տանել...


— Ինչ ուզում ես արա ,—մրմնջում եր Սաթենիկը տնքալի ձայնով, — միայն ինձ ազատիր եդ ցավ ու կրակից։


Նրա ձայնը ասեք հատակի տակից գալիս լիներ։

Սաթենիկը այդ գիշեր սաստիկ տենդ ունեցավ:Այնուհետ որ որի վրա նրա մարմնի տաքությունը բարձրանում եր։ Հարսը սարսափելի վտանգի յեր մատնված։ Նրա ծնողները և ամուսինը հուսահատության մեջ եյին և չգիտեյին ինչ անեն։ Խեղճ մայրը ծածուկ լաց եր լինում նախազգալով աղջկա դրության անհուսալի վախճանը։ Սաթենիկը ծննդին հաջորդող տենդ եր ստացել: Հայրական տունն յեկած որվանից յերեք որ անցած նա՝ զուրկ բժշկական ոգնությունից՝ ծանր տանջանքների մեջ ավանդեց իր հոգին, խոր սգի մեջ թողնելով թե ամուսնուն և թե ծնողացը։


— Կշտացա՞ր,— արտասուքի միջից գոռում եր Գեվորգը, դառնալով մորը,— կշտացար, դե դինջացիր:


Թամամը, վոր խնամոց տուն եր յեկել հարսի մահվան պատճառով, ծեծում եր իր գլուխը ու վողբում.


— Աստված, ինչո՞ւ ինձ չտարար հարսիս տեղ. պա խեղճ չեր տղաս, պա խեղճ չի ես ծծկեր յերեխան...


Գեվորգը լաց լինելուց դադար չեր առնում։


— Վայ իմ անբախտ Սաթենիկ ջան,— գոչում եր նա անդադար։


Յերբ աչքերը ընկնում եյին յերկու փոքրիկների վրա, Գեվորգը մազերն եր սկսում փետել և անեծք ու նախատինք ուղղում իր մորը։ Իսկ մայրը այլևս լուռ եր կացել և միայն առատ արտասուք եր թափում։ Նա մնացել եր քարացած անսպասելի աղետի առաջ և չեր կարողանում վոչ վոքի յերեսին նայել։ Գլուխը քարշ՝ թաշկինակը շարունակ աչքերին եր տանում։ Լուռ եր։ Զգում եր նա արդյոք իր հանցանքի ամբողջ ծանրությունը, թե ներքուստ չարանում եր անհնազանդ հարսի վրա։