Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/623

Այս էջը սրբագրված է

իմ շների բաժինն ե, իմ հավատարիմ շների։ Այս ասելով՝ ձայն տվեց շներին՝ վոտով թափված աղիք-մաղիքը նշանց տալով։


Շները աճապարած վրա թռան ու առաջկտրուկի, մեկ մեկի ռխից խլելով սկսեցին լափել ամեն լափելի։


Թանան-ապոր թոռը չդիմացավ։ Նրա աչքերը ծլավին տվին: Նա զորահարեց, բաց ընկավ պապի ձեռքիցը, ընկավ շների արանքը, վրա թռավ, թխված արյունից ճոթռեց բերանը կոխեց, նորից թաթերը մեկնեց, բայց շները հարձակվեցին նրա վրա կատաղի մռընչյունով։


— Թոռս, թոռս,— աղաղակեց ծերը, խելքը կորցրած և ուղղակի ընկավ շների գլխին, իր մարմնով թոռանը պաշտպանելու։


— Ա՛ շուն, ա շուն,— գոռացին մյուս սովածները ու հարձակվեցին շների վրա, ավելի նրանց կերը խլելու, քան թե Թանան—տոչորը ու նրա թոռանը պաշտպանելու։


ՎԱՀԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՅԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ


Մութը ընկնում եր. ցուրտը ավելի զգալի յեր դառնում։ Գյուղացիներից շատերը քաշվում եյին դեպի իրանց բնակարանները ցրտից պատսպարվելու։


Թանան-ապերն ել վերադարձավ տուն իր մորմոքվող թոռան թաթից բռնած։


Հիվանդ մանուկը գլուխը րարձրացրեց ու իր մեծ յեղբոր հեկեկալը տեսնելով՝ ինքն ել սկսեց լացել։ Սաբետը նրանց յերկուսին ել խտիտը կոխած մի կերպ հանգստացրեց:


Ծերը գնաց նստեց իր անխոս անշարժ պառավի կշտին ակութի մոտ, ուր կրակը տզվզում եր։


Տիրեց լռություն, մահահանգույն լռություն: Կարծես բոլորն ել նիրհում եյին, միայն Թանան-ապերը ժամանակ ժամանակ կրակը բրբթում եր տաշեղով ու մոխիրը աննպատակ փորփորում մտահոգության մեջ ընկած։ Սկեսուրն ու հարսը վշտաբեկ նստած որորվում եյին ու թույլ լույլ հառաչում։ Հիվանդ մանուկը խեղճ խեղճ տնքում եր, մեծ թոռը տրինդը լպստում։


Թանան-ապերը մի խոր թառանչ քաշեց ու դես, ու դեն աչքահարելով կամացուկ հարցրեց.


«Ա՛ կնիկ, իսկի մի խեցի չունենք»։


Պառավը գլուխը շարժեց բացասականապես ու, հարսը գլուխը բարձրացրեց, պատրոնի յերեսին նայեց հարցական հայացքով։


— Տեր աստված, թոռներս սոված են,— հծծաց լքված ծերը։