Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/632

Այս էջը սրբագրված է

ՉԱՏՈՆ ՅԵՎ ՎԱՇԽԱՌՈՒՆ


Աշունն անցավ շուտով և բարբարոս ձմեռը նորից բռնացավ, նորից սարսեցրեց աղքատներին։ Այս անգամ, սակայն, չքավոր Չատոյի ցավը միայն ձմեռվա խստությունը չեր, այլ այն, վոր իր այնքան սիրած, այնքան փափագով հազիվ ձեռք բերած յեղբայրը, իր միակ հույս ու ապավեն Խնձոր յեղը ձեռից գնում եր։


Բայց այս դառնությունն ավելի թունավորվում եր գոռ պարտատիրոջ դժոխային պահանջով։


«Փողս, փողս, թե չե համ յեզդ կխլեմ, համ ուտելու հացդ ու սոված կթողամ...»:


Յեվ, խնայելով Չատոյի ու կնոջ աղաչանքներին, մրմնջալի պաղատանքներին, խնայելով նրանց անհամարձակ, վախվխելով աղային մոտենալուն և կնոջ նրա առաջը չոքելուն ու պիղծ ձեռները համբուրելուն, այնուամենայնիվ, լսվում եր նույն անողորմ և ահաբեկող ձայնը.


«Փողս, փողս»։


— Աղա ջան, աղաչում ենք, յերկու շաբաթ ել համբերի, բալքի մի տեղից ճարենք տանք։


«Անկարելի յա, փողս, եգուց ծեգին հետ փողս...»։


Զուր չի ասված, թե «բռնավորից աղաչանքով բան չես շահիլ»: Արդարև, վոչ արտասուքի հեղեղները, վոչ պաղատանքներն ու խնդիրները, վոչ խոնարհվելն ու առաջը չոքելը վոչ մի հետևանքի չեյին հասցնում. աղայի ասածն ասած եր, և նա անողոք եր դրա մեջ. նա վոչ ամաչում եր, վոչ խղճահարվում: Յեվ վերջապես նա աստծուց ել չեր վախենում. և ինչու վախենար, քանի վոր հազար, հազար անգամ փորձելով աղքատի աստուծո կուրությունը, նրա աչքի առաջ համարձակ շարունակել եր իր անզգամություններն ու անիրավությունները և միշտ ել անպատիժ մնացել։


Այո, վոչ մի զիջողություն և վոչ մի պայման. աղան զորեղ կերպով մատը թափահարելով իր ստրուկների վրա, պահանջում եր իր փողն ու կրկնակի, յեռակի տոկոսը, վաշխը։ Չատոն ու կինը