Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/640

Այս էջը սրբագրված է

ԱՐՅԱՆ ԳՆՈՎ


«Վոր գնում եմ, դիվան կա՞»:


Այս սիրտ փշրող հուսահատական դառն, աղի ու լեղի բողոքը քյասիբ Չատոն մինչև տեղ հասնելը հազար ու մի անգամ շշնջալով, գնում եր խիստ տխուր, խիստ մտահոգությամբ, սիրտը կրծող տանջողությամբ։ Գնում եր — հոնքերը տոթած, արագ ու վրդովված, և, վոր արտասվալին եր, ապտակի անարգ դրոշմը — Թուխինի տղի հարվածի հետքերն յերեսին, կապտացած ու արնաթաթախ եր գնում։


— Չատո Չատո, եհե Չատո...


Ա՛յ տղա, ինչի՞ յես եդպես առնված, շփոթված հարաքյաթ անում, ի՞նչ ա պատահել...


— Չատո, Չատո...


Այգիների չափարներից գլուխները դուրս հանած, հետաքրքրությամբ և անհամարձակ կարեկցությամբ, յետևից ձայն եյին տալիս բանվորներն ու մշակները, բայց Չատոյին դիպած հարվածն այնքան ծանր ու դառն եր, վոր կարծես ականջները ծանրացել եյին, և նա վոչինչ չեր լսում ու տեսնում իր շուրջը։


— Այ, աղա, Չատո, եհե Չատո...


Դարձյալ իզուր եյին բարձրացնում նրանք իրենց ձայները, Չատոն իրեն սրտի ալավովն յեղած, ելի համ քայլում եր, համ հազար ու մի յերորդ անգամ կրկնածը կրկնում.


«Վոր գնում ես, դիվան կա՞»։


նա հասավ յեկեղեցուն, գլխարկը վերցրեց և նախ համբուրեց յեկեղեցու պատը, ապա մոտենալով տեր հորը, արյունոտ ու քըրտընքոտ շրթունքներով համբուրելով նրա աջը, գլուխ տվեց տանուտերին, դողդողալով կանգնեց նրանց առաջ և այրվելով ու մորմոքվելով արավ իր աղիողորմ գանգատը:


— Տեր հայր ջան, ախր եսպես անաստուծ, եսպես անխղճմտանք բան կըլնի. ես չի՞ իմ հալը, վոտս գլուխս ու դոշս բաց, մի հալավ ելա չունեմ, վոր լաշս ծածկեմ. հու տենում ես, աչքիցդ հեռու չեմ, փառք ասծու։ Յես ինչի՞ տեր եմ, վոր յեղած—չեղածս միայն յերկու որավար հող ա, են ել մնի կեսը Թուխինի աչքածակ տղեն ա կտրում տանում։ Բա յես ինչով պտի տամ վզիս վրա արճիճ դառած խարջ ու պարտքս... մեղք չեմ։


Այսպես, աղի արտասուքով հեղեղելով արյունոտված ու այրված այտերը, կրակելով ու փշուր փշուր անելով իր սիրաը, իր տանջված ու դառնացած հոգին, արավ իր բողոքը նախ՝ իր հոգևոր հորը, հուսալով վոր նա կհովանավորի իրեն՝ վորպես մի նետահար