Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/664

Այս էջը սրբագրված է

ազդրի փափկամսի մեջ։ Պետին վայ կանչեց և ընկավ գետին, իսկ Ուհանն ազատվելով նրա ձեռքից, յեզը յետ տարավ:


Հարան հասավ Պետինի կին Խանումին, վոր ճչալով յեկավ ընկավ վիրավորված ամուսնու կուռը և լաց լինելով տարավ քյոխվի տուն, ինքը չխոսկան լինելով տանուտերից, քթկալը վերև քաշեց, փարդեն ներքև, յերեսը համարյա ծածկեց և մի փոքր յերեխա կռնակը քաշելով նրա բերանով սկսավ դառնաղետ գանգատ անել, բայց անիրավ քյոխվեն, իրեն առաջվա դիրքը տալով՝ կնոջ վրա յել բարկացավ սաստիկ.


— Ա լաչառ, քիչ ոխիդ արա, մարդիդ վեր կալ տար քու քանդված տուն, մինչև վոր կիրակի որը վճիռ տանք ետ մասին։


— Քյոխվա ջան. քյոխվակնկա հմար երկու, վոստ մանած կանեմ, քու վորդկերանց գլխովը պտիտ գամ, աչառս առ տուր, նա տունս քանդեց, յերեխանցս սոված տուն արած թողեց...


Քյոխվեն դրանից հետո կրկին լռեց։ Պետին շարունակ ախ եր քաշում, նրա վերքը յերկյուղալի յեր։ Խանումն արտասուքն աչքերին մարդու կռնակն ընկավ կրկին և դեպի յերկինքն անեծքներ ուղարկելով, տարավ իրանց տունն, դալլաք կանչեց, դանակի կոտրուստը մսից հանել տվեց, վերքի վրա մահլամ դրեց, փաթաթեց, կապեց, բայց Պետինի համարյա ամբողջ մարմինն ուռավ, և նա անկողին ընկավ միքանի ամիս, ամառվա աշխատանքը մնաց թերի և թռչունների կերակուր դարձավ. նրա լուծը մնաց տափին և առանց աշնանացանի։ Նրա ընտանիքը, վոր ութ հոգուց եր բաղկացած, քաղցեց, մերկացավ, վորովհետև տան տղամարդը միակ աշխատողը միայն Պետին եր։ Նրանց ալյուրն սպառված եր, տաշտն ու մաղը դատարկ, վոչ վոք չեր հարցնում, թե ինչ են ուտում, ինչպես են ապրում նրանք։ Անցան աշունն ու ձմեռը. յեկավ գարունը։ Խանումը շորվով, թանեսպասով, փթռուկով հիվանդն ու ընտանիքը պահեց, իր սև որերը անցկացրեց։


Մարտի վերջն եր արդեն. եշերն անգամ կանաչով կերակրվում, կշտանում եյին։ Սար ու ձոր նուրբ կերպով կանաչել եր, սինդրիկ, ծնեփակ, իշիատռտռուկ, շուշան, խնդուղ, փիփերթ ու կռոթո, բոլորն ել իրենց թևերը բարձրացրել եյին գետնից, յերեխանցից ամեն մինը մի մի փայտ սրած՝ ընկել եյին հանդերն ու այգիները և պհրուցի տալով արմտիք եյին հանում ուտելու համար:


Պետինի աղջկերանցից յերկուսը հասած եյին, նրանք ել եյին գնում հանդը բանջարեղեն բերում իրենց տունը կերակրում, մինչև վոր Պետին վեր կենար անկողնից։ Վերջապես նա վերկացավ մայիսի կեսին այն ժամանակ, յերբ բոլոր գյուղացիք խոտի հունձը վեր-