Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/666

Այս էջը սրբագրված է

ԱԽՊԵՐ ՋՈՄԱՐԴԸ

1


Ասենք, կային, լավ ձիեր ել շատ կային մեր գյուղում, բայց ջրպետենց Գալոյի կարմիր քուռակը, Ջոմարդը, մի աննման բան դուրս յեկավ։


Հասակը բարձր ու վայելուչ, կուրծքի լայնությունը մի արշինից տվել, վոտները յերկաթի պես ամուր, սաղրին կլոր ու լիքը շլինքը հաստ և ուժեղ, գլուխը փոքրիկ ու սիրուն—կասես, մի կարմիր խնձոր, մի քաշած պատկեր լիներ Ջոմարդը։ Յերբ Ջոմարդը փողոցով անցնում եր, բոլոր մարդիկ բերանները բաց նրան եյին մտիկ տալիս ու զմայլում։ Կուպչիկ փալանը մեջքին դրած, գլուխը բարձր բռնած, աչքի պոչով հպարտությամբ չորս կողմը դիտելով՝ թեթև յորղայով այնպես եր նա սորորում, վոր կասես վոտները գետնին չեյին առնում։ Ջոմարդը բեռից վախեցող չեր նա իսկական և ընտիր բեռնակիր եր։ Սովորական 10—12 փութ ծանրությունը մեջքին առած նա խաղալով եր որերով ճանապարհ անցնում և յերբեք թույլ չեր տալիս, վոր մի ուրիշ ձի իր առջևից գնա։ Կարտվանում Ջոմարդը միշտ ամենից առաջինը պիտի լիներ։


Գալոն իր ձեռովն եր խնամել ու մեծացրել Ջոմարդին և միքանի տարի շարունակ նրա հետ եր անցկացրել իր բոլոր լավ ու վատ որերը, նրա հետ եր բաժանել իր լացն ու ծիծաղը։ Գալոն մինուճար տղա յեր, ոգնական յեղբայր չուներ, և Ջոմարդը նրա համար աշխատավոր յեղբայր դառավ, թև ու թիկունք հանդիսացավ։ Գալոն ու Ջոմարդը ամառ ու ձմեռ, գիշեր ու ցերեկ միասին եյին աշխատում, տունը պահում, յերեխաներին կերակրում. այդ եր պաաճառը, վոր Գալոն իր ձիուն միշտ «ախպեր Ջոմարդ» եր կանչում։


Յեվ իսկապես, շատ քիչ կգտնվեն հարազատ յեղբայրներ, վորոնք կապված լինեն միմյանց հետ այնպիսի ամուր սիրով և անձնվիրությամբ, վորպես Գալոն ու Ջոմարդը։ Գալոն բերանը հաց չեր դնի, մինչև վոր առաջուց չկերակրեր և չջրեր Ջոմարդին. նրա