սրտին հանգստություն և աչքին քուն չեր մոտենա, մինչև վոր չհամոզվեր, թե Ջոմարդը կուշտ ե ու հանգիստ։ Ութ տարվա ընթացքում Գալոն իր պաշտելի Ջոմարդին յերբեք աչքաթող չեր արել, վոչ մի որ ուրիշի խնամքին չեր հանձնել, «ամանաթ» չեր տվել։ Շատ անգամ եր պատահել, յերբ Գալոյին լավ վարձատրություն եյին առաջարկել այն պայմանով, վոր նա Ջոմարդին «ամանաթ» տար, բայց նա միշտ մերժել եր և համաձայնվել ավելի փոքր վարձատրության միայն այն պայմանով, վոր ինքն ել իր ձիու հետ լիներ։ Այդպիսի դեպքերում նա անդադար կրկնում եր պապից սովորած իր սիրելի առածը՝ «ապրանքն եթա՝ տերը հետը, վորդին եթա՝ հերը հետը»։ Յերբ նախանձոտ ընկերները Գալոյին նախատումեյին այն բանի համար, վոր նա իր ձիուն կուռքի պես ե պաշտում ու «Ջոմարդի պոչից պոկ չի գալիս»՝ նա պատասխանում եր. «Ի՞նչ անեմ, ախպերի աստված վկա, չեմ կարողանում հենց վոր Ջամարդը աչքիցս հեռանում ե, րոպեն մի որ ե թվում, ժամը մի տարի, մարմինս մի տեսակ ծանրանում ե, քունս ել չի տանում։ Յես ի՞նչ անեմ, վոր մի անգամ սիրտս կպել ե ու չեմ կարողանում առանց նրան մնալ»:
2.
Ծաղկազարդի կիրակիների գարնանային մի հրաշալի որ։ Յերկնքի
անբիծ կապտությունը, արեգակի մեղմ ու դուրեկան ջերմությունը,
գյուղը պատող ծաղկազարդ ծառերի արբեցուցիչ
բուրմունքը, մանուշակով նախշած նորածիլ կանաչը, այս բոլորը
այնքան սիրուն եր, այնքան մաքուր ու հրապուրիչ, վոր գյուղի
բոլոր շնշավորները, յերկարատև փակ կյանքից ձանձրացած՝ դուրս
եյին թափվել իրանց մութ ու խոնավ խրճիթներից և առատորեն
վայելում եյին մայր բնության աննման գեղեցկությունը։
Կեսորը մոտ եր։ Գալոն Ջոմարդին դուրս եր քաշել բակը և
խնամքով. մաքրում եր նրան, կամ ավելի ճիշտ ե ասել՝ շոյում,
փայփայում եր, վորովհետև այդ որը արդեն յերկու անգամ
մաքրել ու քորել եր իր ձիուն։ Գալոյի քեֆը գալիս եր, յերբ Ջոմարդի
լիքը սադրուն շրըպպացնելիս՝ փափուկ միսը դղդղում եր.
նա գրկում եր ձիու շլինքը, պաչում եր նրա աչքերը և այնպիսի
աննկարագրելի բավականություն եր զգում Ջոմարդին փայփայելիս,
վորպես գորովագութ մայրը իր մինուճար զավակին փաղաքշելիս:
Ձին, կասես, հասկացավ իր տիրոջ գգվանքը։ Նա ուզեց արտահայտել
իր փոխադարձ սիրո զգացմունքները, բարձրացավ հետևի
վոտների վրա, առաջիններով փորձեց գրկել Գալոյին ու համբույրի
փոխարեն իր խոշոր ատամներով բռնեց նրա թևից և կամաց թափահարեց։