Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/681

Այս էջը սրբագրված է

— Կասես խոլեր ե ընկել ավերակ դառածը, մարդահոտ չի գալիս,—բեղի տակ մրթմրթաց նա, մոտենալով խրճիթի դռանը։


— Տատմոր տղա, հե՜յ,—գզրին հատուկ սուր ու ձիգ ձայնով գոռաց նա, տան դուռը ծերպ անելով։


Սիմոնը պառկած տեղից ծուլ ելավ ու ջղաձգական շարժումով սկսեց քնաթաթախ աչքերը տրորել: Քաղցր յերազների գրավիչ տեսարանները մի ակնթարթում խորտակվեցին, ու նրանցից մնացած վողորմելի ավերակների վրա իսկույն վոտի կանգնեց դառն ու տխուր իրականությունն իր բոլոր խեղճությամբ։ Ահա նրա ուռած ու կիսաբաց աչքերին յերևում են պապենական հին խրճիթի հարյուրամյա սև սյուները, բլբլոտած պատերն ու մրոտ առաստաղը. ահա խրճիթի մի անկյունում պպզած հացի դատարկ տաշտը, իսկ մյուսում ալյուրի սովատանջ փեթակը, յերկուսն ել շլինքը ծուռ՝ աղաչական հայացքով նայում են Սիմոնին...


— Իսկ ի՞նչ յեղավ գութանը,—մտածում եր Սմոնը,—յեղան իմ սիրուն յեզները, իմ կալն, իմ թեղը, ցորենի ահագին կույտը մի՞թե այս բոլորն յերազ եր,—ինքն իրան բարձրաձայն հարցրեց նա:


—Ադա՛,ի՞նչ ես արջաքուն մտել, — գոռաց գզիր Գևոն, դռան ջեմքից գլուխը յերկարացնելով, մեռլի պես ես շնթռկում, տնաքանդ, բա դու ըսկի ցավ ու կրակ չունե՞ս: Հլա մի տես վոնց ա շարժվում. վոնց, կասես կուռն ու ճուռը կարմիր քամի ընկած լինի: Վեր կաց, իշի գլուխ,վե՛ր տանուտերը կանչում ա, շո՛ւտ:


Սիմոնը դեռ նոր եր ուշքի գալիս. թարմ յերազն այնքան գրավիչ եր, ու նրա թողած տպավորությունն այն աստիճան խոր, վոր նա չեր կարող հեշտությամբ հաշտվել նրանից բաժանվելու մտքի հետ։Բայց գզիր Գևոյի ատելի յերեսը, նրա ծուռտիկ գերամաստի ճիպոտը, վորի մղկտացնող հարվածները շատ անգամ եր կերել Սիմոնը, և մեկ ել տանուտերի ահեղ անունը վերջնականապես սթափեցրին նրան ու միանգամայն մոռացնել տվին յերջանիկ յերազի քաղցր հիշողությունը:


— Հը, ինչ կա, Գևո ջան. ինչի՞ յես կանչում, խեր լինի,- աղաչական տոնով հարցրեց նա գզիրին, թեև լավ գիտեր, վոր գըզրից ու տանուտերից վոչինչ խեր բան չե կտրելի սպասել։


-Չոռ ու ցավ կա քո գխիդ ու արևիդ. կորի՛, տես ի՞նչ են ասում. յես հո իմաստուն չե՛մ,-կոշտ ու կոպիտ պատասխանեց գզիրը:


Սիմոնն շտապով արխալուղը կոճկեց , փափախը ծածկեց ու վոտմսբոբիկ հետևեց գզիր Գևոյին ։