Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/697

Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ ես լաց ըլում, ինչ որորոցի րախա յե՞ս քեզ բան եմ ասում, պատասխան տուր, արինը սրտիցս կաթում ա ահր,—ասում եր բարկացած Ռեհան աքիրը, — եսոր յերկու շաբաթ ա տանը նստած ամեն որ լաց ես լինում, յերբ հետդ խոսում եմ, յերբ ասում եմ, վոր գնաս... Բավական ա, բոլ ա, հերիք ա, լավ բոլ խաթրդ պահել եմ, լավ բոլ կակող, քաղցր եմ խոսացել հետդ... Աբուռդ յերեսիդ գնա եսոր քո մարդի տունը, թե չե քեզ կապած, շենամիջով քաշ տալով կտանեմ... Դու մեզ խայտառակել ես, պրծել եդ խայտառակությունն ել վիզ կունենք հեր ու մեր ու քո գլխին շան ոյին կդնենք, թամամ շան ոյին... Յես դեռ քեզ խնդրում, աղաչում, պաղատում եմ, վոր քո կամքով սուս ու փուս գնաս քո սկեսոր ձեռքը պաչես, նրա վոտներն ընկնես, մեղա գաս, նրան հլու—հնազանդ հարսնություն անես, քո մարդին ել ընդունես, մարդի տեղ դնես նրան...


— Չե, յես նրա կուշտը չեմ գնում, պատասխանում ե հեկեկալով Վարդին։


— Չոռ, չոռ գլուխդ հողեմ, չոռ,—ասում ե զայրութով Ռեհան աքիրն ու միքանի անգամ իրար յետևից յերկու ձեռքով բամփում խեդճ Վարդիի գլխին,— ինձ մի գնդակ, մի շիշ ընկած գյուլլա դիպած պտեր, բալքի յես քեզ ծնած չլինեյի։ Աստված քեզ ինձ համար, իմ մարդի, իմ վորդկերանց ու իմ ոջախի համար պատիժ ա ուղարկել, ա ոձի ճուտ... Ամոթ ու աբուռ չի կա քեզանում. ուզում ես մեզ ել աբուռից գրել... Ի՞նչ անեմ, ինչ ասեմ քեզ, վոր սիրտս հովանա. կսկծաս դու, կսկծաս ինձ պես, քո հոգին են դննումը վոչ հանգիստ ու դադար գտնի...


Վարդիի տասը տարին դեռ նոր եր լրացել, յերբ նրան մարդի տվեցին. վոտը տասնմեկում դնելուն պես նրան ուղիղ տասնմեկ տարեկան հայտարարեցին ու պսակեցին։


Հոգևոր կառավարությունից թույլտվություն ստանալու համար տերտերը, Ջորթանանց տանը տանուտերի ու յերեսփոխի հետ միասին լավ կոնծելուց հետո, իր հայտարարության մեջ Վարդիի տարիքը հասցրեց 15—ի, իսկ նրա փեսացու Գրիգորինը 25—ի. առաջինին ավելացրեց մոտ հինգ տարի, իսկ յերկրորդից պակասացրեց յերեք տարի, ասելով՝ «աղջկա 15—ն ու տղի 25—ը իրար շատ սազում են»։


Յերբ մոտենում եյին հարսանիքի ոքերը, Վարդին ավելի ու ավելի ուրախանում եր. նրան շատ հետաքրքրում եյին հարսանիքի իրարանցումը, զուռնան, ղավալի առաջին պարող յերիտասարդների