Մորաքույրը գրկեց նրան, համբուրեց. «Ա Վարդ, գիտում ես ի՞նչ կա, քեզ մատաղ»,— ասաց սա ու ել բան չկարողացավ ասել. Վարդիի մանկական անմեղությունը նրա լեզուն կապեց, կաշկանդեց իսպառ. նա իր դժվար դրությունից դուրս յեկավ, ասելով Վարդիին՝ «Դե, քեզ մատաղ, լավ հարսնութին արա, քո սկեսորը միշտ լսի, խոնարհ ու հնազանդ կաց»։ Մորաքույրը մի անգամ ել համբուրեց Վարդիին ու բաց թողեց։
Նա գնաց խնամունց տունը բոլորովին անմեղ, մանկական
ուրախությամբ բռնկված, չամիչ, կանփետ, «շաքարով շինած բաներ»
ուտելու ու լավ—լավ շորեր հագնելու հուսով։
Հարսանիքից հետո նրան իր սկեսուրը յերեք գիշեր քնեցրեց
իր ծոցում նա այդ արավ՝ ընտելացնելու համար նորահարսին իրենց
տանը:
Չորրորդ գիշեր Վարդիին տարան մի փոքրիկ սենյակ, վորի
հատակը ծածկված եր կապերտներով, ուր պատրաստած եր անկողին։
Այնտեղ պետք ե ապրեյին նորապսակ Վարդին ու «խնամունդ
տղեն», նրա ամուսին Գրիգորը։
Անբացատրելի յերկյուղով լցվեց մանկահասակ Վարդիի սիրտը,
և նա իր անորինակ ճիչով խանգարեց խնամունց տան լռությունը։
«Գնում եմ մեր տուն, մեր տուն.. վայ, նանե, վայ»... լըսվում
եր Վարդիի ձայնը։
Տնեցիները քնաթաթախ դես ու դեն ընկան, չիմանալով ինչ ե
պատահել, ինչումն ե բանը։ Շան հաջոցը, դռների ճռռոցը ու տնեցիների
ձայները իրար խառնվեցին։ Ընդհանուր իրարանցման ժամանակ
նորապսակների սենյակի դուռը հանկարծակի բացվեց, ու մի
կիսամերկ հերարձակ մանկահասակ կին դուրս թռավ այնտեղից ու
փախավ։ Փախչողը նորապսակ հարսն եր։ Վարդին՝ սարսափով,
զայրութով բռնկված՝ կես գիշերին գյուղամիջով կիսամերկ փախավ,
գնաց իրենց տունը։
Խայտառակությունը անչափ մեծ եր ու անչափ անտանելի
յերկու խնամի տների համար։
Հետևյալ որը վաղ առավոտյան դեպքի մանրամասնությունները
այլ և այլ հավելվածներով տարածվեցին գյուղում։
Խնամի տների անդամներն ամաչում եյին գյուղամեջ դուրս
գալ. ամեն քայլափոխում նրանք նկատում եյին ժպտացող դեմքեր
ու լկի հայացքներ:
Վարդիի փախուստից հետո Գրիգորն անձնասպանության փորձ
արավ նրա ձեռքից հրացանը զոռով խլեցին։ Յերբ Վարդին դուրս
թռավ սենյակից, նա ուզեց հրացանն առնել, նրա յետևից ընկնել,