Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/704

Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ ես լաց ըլում,—շարունակեց Քյոխվա հերիքը,—լացմացն են ղոլին դիր ու պատասխանի ինձ. ասա՝ ես իրիկու գնում ե՞ս, թե չե. ասա՝ հա, հը, շուտ. կանոխ արա, նազ մի անիլ։ Ինձ Քյոխվա հերիք կասեն հա. յես հանաք—մանաք չեմ սիրում. բերանըդ բաց, գլուխդ հողեմ. խոսա, ասա՝ հա, Հերիք աքիր, գնում եմ։ Չե՛, դու թամամ լալկվել ես , վոնց տեսնում եմ. քո միտքն եստեղից, ես տանից, պուկ գալի չի. դու ես ոջաղը խայտառակելու յետևից ես. դե լավ:


—Աղջի Ռեհան,—դարձավ Քյոխվա Հերիքը Վարդիի մորը,- գնա՛ շամփուրները բեր, կրակումը դիր կծացրու, մի լավ կարմրացրու ու խող մի յես սրա թուշերը դաղեմ. են վախտը թամաշա արա, տես՝ վոնց ա սա վազ տալով սկեսրանց տունը գնում...Ի՞նչ ես կանգնել, շան տղի կնիկ,—բարկացավ Քյոխվան Ռեհանի վրա,— քեզ բան եմ ասում. յես եստեղ մասխարություն չեմ անում. գնա ես սհաթիս շամփուրները բեր ու կրակումը դիր:


Ռեհան աքիրը գնաց դեպի պուճախը շամփուրները բերելու. այնտեղ, պուճախում, նա իրեն այնպես եր ձևացնում, թե փնտռում ե շամփուրները։


Վարդին, վորը վաղ մանկությունից լսել եր անթիվ անգամ, թե Քյոխվա Հերիք աքիրը չար, անհնազանդ ու կամակոր յերեխանց թշերը դաղում ե կարմրացրած շամփուրներով, այդ ահավոր պատժի ուրվականը իրենից այդքան մոտ տեսնելով, անպայման հավատալով Հերիք աքոր սպառնալիքներին, սարսափահար ընկավ նրա վոտներն ասելով՝


— Հերիք աքիր, քեզ մատաղ, կգնամ, կգնամ. թուշերս դաղիլ մի, Հերիք աքիր...


— Չե՛, պետք ա դաղեմ. դու իմ խոսքը տափը գցեցիր, իսկույն չլսեցիր ինձ. թուշերդ դաղիլ պտեմ, դաղիլ, ճնճռստացնիլ խորովածի պես...


— Վույ, Հերիք աքիր, քե՛զ մատաղ. կգնամ, կգնամ. իմ սկեսոր վոտները կլվանամ. իմ թուշերը դաղիլ մի, Հերիք աքիր, քեզ մատաղ, Հերիք աքիր...


—Դե լավ, տեղդ կանգնի. ձեռս պաչի՛,—ասաց Քյոխվան մեղմացած.- եդհեն, ապրես. խոնարհ կաց միշտ, խոնարհ. մեծերիդ լսի՛. վոր քո մեծերն ասեն՝ գնա՛ կարմնջովը գվեր ընկի՛, պետք ա առանց ձեն ու ծպտուն հանելու դնաս դվեր ընկնես. վոր ասեն գնա վարար գետն ընկի՛, պետք ա տազ արած գնաս ընկնես. լսում ես։

— Հա՛: