Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/716

Այս էջը սրբագրված է

մի տեսակ խորհրդավորությամբ, ուժգին շեշտելով «ո» հնչյունը. նա նրա աչքում մի ահագին, գերբնական զորություն ուներ։ Այդ բառը բարձրացնում եր նրա պրեստիժը ամբոխի աչքում, խոր տպավորություն եր թողնում վերջինիս վրա, ուստի տանուտեր Աղասին իր թե պաշտոնական և թե վոչ պաշտոնական խոսակցության մեջ տեղի-անտեղի գործ եր ածում նրան։


-Լավ, լավ, ասաց Գուրգենը,—կմաքրեմ հայաթս, աղբերը դուրս կտանեմ. ես մի յերկու որը բանս շատ ա. շուտով կսկսեմ. հիմի յեկեք գնանք տուն. արևումը կանգնիլ միք. շատ ա կեծ ու շոգ։


-Ի՞նչ կա տանը,—հարցրեց տանուտերը։


-Քո ի՞նչ բանն ա, թե ինչ կա,-—ասաց վաքիլ Քիքին,-եդ մարդը կանչում ա, գնանք ելի։

Մյուսներն ել նրա յետևից կրկնեցին՝ «գնանք»։ Աղասին չկարողացավ ընդդիմադրել իր իշխաններին. նրանք ներս մտան։ Գուրգենը պահարանի խորքից հանեց արաղի մի շիշ, գեղեցիկ հայտարարանկարներով ծածկված։ Շիշը հենց իր արտաքին անսովոր տեսքով իսկույն հափշտակեց հյուրերին։ Տանուտերը, նկատելով բանն ինչումն ե, հավատարիմ մնալով իր վորոշման, բացականչեց .


— Չե՛, չե՛, չե՛. եդ անկարելի բան ա. բարձր իշխանության հրամանը թունդ ա, եդ ուզում չեմ։


—Այ դու գլուխդ քարովն ես տալիս,— ասաց բարկացած Ծատուրը, —ինչո՞ւ չես ուղում. ուրիշ ժամանակ բոթիլկեն արաղի հետ հո կուլ կտաս։


— Ա՛ Ծատ, դու ուզում ես ինձ բեյաբուռ անե՞ս, խայտառակես մեր իշխանության ու հասարակի առաջի՞ն,- ասաց Աղասին:


—Բա դու յել ուզում ես ինձ սոված ու ծարավ սպանե՞ս,— ասաց Ծատուրը։


— Գուրգեն, արաղն ածա, մտիկ մի տալ,—ասաց Մարութը:


— Ատա՛, արաղն չի, արաղ. մի լավ մտիկ տվեք, ձեր աղբաթը խեր ըլի, տեսեք ես ինչ զատ ա,—ասաց Գուրգենը,—Աղասի ամի,— դարձավ նա տանուտերին,—մի տես՝ հենց ա հալած վոսկի ըլի, վոսկի։ Դու գիտում ես, թե յես քեզ հասարակ արաղ եմ ուզում խմացնե՞լ. սա արաղ չի. ուրիշ զատ ա։


— Բա վոր արաղ չի, եդ ի՞նչ ա.—հարցրեց խիստ հետաքրքրված տանուտերը ։


— Կանյակ ա, կանյակ։


— Կանյա՞կ. դա ի՞նչ զատ ա։


— Փռանգի արաղ ա։