Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/722

Այս էջը սրբագրված է

— Սև եր, բարի չե, — տխրամած կամ, ճիշտն ասած՝ չգիտեր ում դեմ, զայրացած ավելացրեց Քերոբը։


Գը ռ ռ ռ, լսվեց յերեսից մի չարագուշակ դժոխային ձայն, վոր բավականին յերկար տևեց։


— Տիրտցու Մաթոս, Քերոբ, ի՞նչ ամպին կնայեք. բավականին ժամանակ ե մենք ել մտիկ կտանք, կտեսնենք, վոր յերկնքի յերեսը լավ նշան չե։


— Եդ անտեր գոռալը անձրևի գոռալ չե. յերկար քաշեց. ձենը սարթ ե. — վրա բերեց յերկրորդ մոտեցողը։


— Եսոր աստվածածնա տոնն ե. մեծ կիտն (փորձանք) եսոր ե. հերու չե առաջին տարին ելի եսպես մեկ պստիկ ամպ դուրս յեկավ Գյոգդաղ սարի գլխեն, կարկուտ թափվեց, արտերս զարկեց, տարավ։


— Աստվածածնա տոնն ամենքեն մեծ կիտն ե, եդ կիտեն կիմացվի մեր մեղքերի չափը,— յերկրորդ խոսողին իր գիտությունը ցույց տալու համար պատասխանեց տիրացու Մաթոսը։


— Եդ ե,— ինչ զայրութով նկատեց առաջին խոսողը,— ամեն տարի միչև ես անտեր կիտը կհասնինք, կանցնինք, մեր ել հոգին կանցնի...


— Մի ասե, Մուկուչ ջան, մի ասե։


Գըռռռ, լսվեց յերկրորդ ավելի յերկար և ավելի մոտ գոռոցը։


— Վաշշ, տներս ավրվելու յե,— սրտում մի ծակոց զգաց Քերոբն, ու նրա աչքերն առավ արտասուքը:


Կես ժամից ամբողջ հորիզոնը ծածկվեց սև-սև ամպերի ահռելի շերտերով, տեղ-տեղ ել վիթխարի ժայռի նման մռայլ մոխրագույն կուտակներով. յերկրի յերեսին տիրեց սգատես ստվեր. յեղանակը ցրտեց. խոնավությունն զգալի յեղավ ոդի մեջ. ծծմբային հոտը տարածվեց չորս բոլորը: Գոռոցը քանի գնաց սաստկացավ, ու «ձուկը» հազար ու մի տեղից թունավոր ոձի պես կոտրատվելով սկսեց յերկնքի մեկ ծայրից դուրս գալ, մյուսում հանգչել:


— Ինչո՞ւ համար մենք եդ կեծվխտալուն կասենք, թե «ձուկը կխաղա», չեն ասե, թե ոձը բնեն դուրս կեյնե, վոր մարդու սիրտ թունավորե։


— Եդպես մի խոսի, Մուկուչ եդպես մի խոսի. աստծուն դիմադրություն ե. մենք ով ենք,- դարձյալ նկատեց տիրացու Մաթոսը։


— Եհ, — սրտնեղած կրծքից թռցրեց Մուկուչը, յերբ լսեց սայլի թափքի վրա մի թրխկոց, տեսավ վեր—վեր թռչող կարկտի գնդակը, ապա յերկրորդը, յերրորդը...