ԳԼԱՎ ՔԵՐՈԲ Այ հեր որհնած, վոր տղեն միքանի տարով փոքր յեղավ, աշխարը ոտի քանդվի. իմ խելքով հլա լավ ա, դուք պտի ուրախ հըլնիք, վոր աղջիկը թամամ խելքահաս ե, տղին իրա բռի մեջ կպահի, ինչ թավուր ուզենա, են թավուր ել կմեծացնի։ Մեզնից շատ շատերն են ետ թավուր պսակվել. պակաս կաթն ու կորեկի պես կապրեն: Այ ջանեմ, բան գինաք, բան ասացեք, թե չե, ձեր ասածների մեջ իսկի նյութ չկա։ (Բարձր ձայնով Սրքոյին): Դեհ, մեկ արաղը հան, սիֆթա տուր խնամուտ։
ՍՐՔՈ (Արաղի շիշը հանելով գրպանից, բացում ե յեվ լցնելով՝ առաջարկում Ալոյին): Համեցեք, թազա խնամի ջան, համեցեք: Առ, վայելա, ամեն բան լավ կլինի։ (Բաժակը բավական ժամանակ մնում ե անշարժ, մերթ ընդ մերթ կնոջ յերեսին նայելով, հետո վերցնում ե բաժակը հուզված):
ԱԼՈ Բարով եք յեկել, հազար բարի, մեր տուն—տեղ, հելած—չելած ձեզի ղուրբան։ Շուշիկն ել ձեզի փեշքեշ. խնամի Սրքո աստված խեր տա, խերով բազար ըլի: Քո սրբազան պարտքն ե՝ իմ աղջկան վոչ թե հարսի պես պահես, այլ աղջկանիցտ ել լավ։ Հալա, մեկ մոր յերեսին նայեք, կասես Ալագյազա մթնած ամպ լինի։ Եհ, բոլորդ ել վողջ լինեք (խմում ե):
ԳԼԱՎ. ՔԵՐՈԲ և ՍՐՔՈ. Անուշ, անուշ...
ԱԼՈ Հալա մեկ խնամաթաս ել լցրու, քույրիկ Ալմաստին տուր, թող նա յել վայելի: (Ալմաստը հրաժարվում ե խմելուց, բայց յերկար ստիպելուց հետո ակամա շնորհավորում ե գլխի շարժումով, բաժակը մոտեցնում ե բերանին, առանց խմելու յետ ե դնում սեղանի վրա: Գլավին Քերոբը ստիպում ե վոր խմի, բայց Ալոն միջամտում ե, ասելով, թե Ալմաստը խմիչք գործ չի ածում: Սրքոն բաժակը լցնում ե յեվ տալիս ե Գլավին Քերոբին):
ԳԼԱՎ ՔԵՐՈԲ Կենդանություն, սաղ ըլեք. յես սիֆթա շնորհակալություն
կհայտնեմ խնամի Ալոյից ու քույրիկ Ալմաստից,
վոր իմ պատիվը, վոնց վոր հարկն ե, պահեցին, դատարկ ձեռով
յետ չդարձրին, դուշմանին չուրախացրին։ Տանուտեր Սրքո, դու
յել սաղ ըլես, քո աչքն ել թող լույս ըլնի։ Յես խմում եմ յերկու
ծաղիկների կենացը, փեսացու Մանուկի և հարսնացու Շուշիկի։
Թող աստված նրանց անթառամ պսակին արժանացնե, մեկ
բարձի ծերանան: Համով հոտով ըլլին. հա, ո՞ւր ա հարսնացու Շուշիկը,
չկա՞, կանչեք, թող գա։ Եհ, սաղ ըլնեք: (Կոնծում ե, «անուշ,
անուշ» կոչում են բոլորը):