* * *
լսվում ե հանկարծ ձայնը լակոտի,
վոր քոչից ընկած՝ կալանչ ե գալիս։
Քարվանի ծայրը սարերը հասավ,
հասավ ու ձուլվեց թուխ ամպերի հետ.
վրան — վրանի յետևից բսավ
ծաղիկների մեջ գույն—գույն սիրավետ.
ալաչուխ, դագա անվերջ վրաններ,
շրջան կազմելով սառն աղբրի ափին,
ինչպես ծեր արծվի կարկատած բներ,
հենվեցին մեկ—մեկ բարձր քարափին։
Դաշտերի հայն ել սառ ջրի կարոտ՝
յեկել ե, դրել բինեն այս ամառ
Լոք, Լալվար, Լեջան աղբյուրների մոտ,
շոգերից ազատ ապրելու համար։
Գուգարք սարերի սիզավետ լանջին
բազմել են հայի, թուրքի բինաներ,
բայց դարձյալ խառնված քոչ—քոչի միջին՝
դեռ յերերում են ուղտի քարվաններ.
խրխնջում ե ձին, կովը բառաչում,
բոլորն ել իրենց յուրդն են ճանաչում.
մայում ե անուշ ամլիկը գառան,
սարեր ու ձորեր նորից կյանք առան։
Գիշերը հասավ. մթին ե ճամպան.
մարում ե կամաց աղմուկը քոչի.
առվակի ափին քարվաններն իջան,
կանչում են՝ «տղերք, ապրանք չկորչի»:
Ջիերի ջոկեր, ուղտերի քարվան,
սայլերի ճռոոց, վոչխար ու տավար
գտնելով ձորում գիշերն իջևան,
հանգիստ են առնում մյուս որվան համար։
Կրակի վրա, առվակի ափին
մի տեղ ընթրիք են շտապ պատրաստում,
մի տեղ ել կորած գառանն ու հորթին
սար ու ձոր ընկած հովիվն ե կանչում.
մի այլ տեղ ուրախ շրջան բոլորած՝
ուտում են նրանք կաթն ու խորոված։
Գիշերն ել արդեն մնջում ե, լռում,
հոգնած քոչվորին հանգիստ քուն բերում,
միայն մի կով ե դարձյալ բառաչում
և քունը կտրած հորթուկին կւսնչում.
լսելով նրան գիշերն անդադար,
հևում ե տխրում ծերունի անտառ։
Ամպի փեշերը կաթած մի ծայրին՝
Լալվարն ել կարծես նույն վիշտն ե զգում,
ինչպես վիրավոր առյուծը ժայռին,
թևերը փռած քոչվորին հսկում։