Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/745

Այս էջը սրբագրված է

* * *


Ալվարդը գաղտնի անտառն եր մտել,
իսկ վաղու ծանոթ մթին դարանում
նրան պահապան մացառն եր պատել:
Նրա համար չեր յերկնի կապույտը
նա չեր դուրս յեկել իբրև զբոսանք.
վորպես ջրվեժի թափն ու պտույտը,
նրան քշել եր վառ սիրո հոսանք:
Յեվ այդպես փախած մթին գիշերով
հայրական տնից, հորիցը գաղտնի
նա սպասում եր սրտի զարկերով
իրա սիրելուն սարերին հայտնի:
Հանկարծ անտառի մռայլ թավուտից
լսվեց սմբակի տրոփ ու դոփյուն,
քրտինքը հոսեց կույսի ճակատից,
ճերմակեց, դառավ ինչպես լեռան ձյուն։
Փայլեցին արդեն ձիու պայտերը
և մի ծանոթ ձայն՝ «Ալվարդ ջան» կանչեց,
կարմրին տվին կույսի այտերը,
նա սրտի խորքից ազատ հառաչեց։
Ա՛յ քեզ ցանկալի յերջանիկ րոպե,
յերբ կարոտ սրտեր գտնում են իրար,
փշրելով արգելք թեկուզ յերկաթե,
գտնում են միմյանց յերկու սիրահար։
Հեծվորը թռավ սև ձիուց շտապ։
Ալվարդին հանեց խիտ մացառներից,
գրկեց ու սեղմեց կրծքին սիրատապ,
համբույրներ քաղեց այտ ու շուրթերից։
«Ալվարդ ջան, Ալվարդ,— Կարոն շշնջաց,—
յեկ, շուտով փախչենք, քանի գիշեր ե.
գիտեմ, իմաստուն ձիս վոր խրխնջաց,
փորձանք լինելը նա զգացել ե.
առ ղարաբինտո, կախիր քո վզից,
նա պետք կգա քեզ գիշերը ճամպին,
մինչև վոր թռած անցնենք անտառից,
մինչև վոր տունս գտնենք քարափին,
— Թեկուզ որ տունս ցցեն սուր ու նետ,
յես պիտի ապրեմ ու մեռնեմ քեզ հետ,—
ասաց Ալվարդն ու բռնկված հույզով
ամուր փաթաթվեց Կարոյի վզով։
Փախավ նրա հետ, գլուխն ու այտը
հենած սևուկի փրփրուն բաշին.
զարնելով քարին, զրնգուն եր պայտը
և սերը յերգում նրանց ականջին։
Մոռցած ծերունի հոր պատվի մասին,
կուսական սրտից հուր եր բռնկում.
սարերից ձորեր թև առած սև ձին
թաղում եր դոփյունն մթին ծմակում։