Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/752

Այս էջը սրբագրված է
ՇԻՐՎԱՆԶԱԴԵ

ԴԵՊԻ ԲԱԳՈՒ


Ոգոստոսի շոգ որերից մեկն եր։ Մայրս վերջին անգամ գրկեց ինձ, համբուրեց և ասաց.


— Գնաս բարով..


Հայրս չհամբուրեց ինձ։ Այդ լուռ և կամակոր մարդը յերբեք իր հայրական սերը չեր արտահայտում սովորական գուրգուրանքով։ Բայց նայելով նրա մռայլ և հուժկու դեմքին, յես զգացի, թե վորքան խոր ե նրա վիշտը։ Կյանքի դաժանությունը ստիպել ե նրան բռնել իր միակ վորդու ձեռքից և ձգել անհայտության ծովը։


Յես գնում եյի մի արդյունաբերական քաղաք, ուր ձգտում եյին ամենքը։ Այնտեղ մարդկային աշխատանքը նորանոր սկսել եր գնահատվել իբրև իսկական ապրանք շուկայի և հարստահարվել։ Տես գնում եյի վոչ բախտ վորոնելու, այլ մի կտոր հաց՝ իմ մոր և քույրերի համար։ Հորս հանկարծակի սնանկությունը մեզ վերցրել եր թանգագին գորգերի վրայից և շպրտել չոր տափի վրա:


Յես վոչ մի զենք չունեյի գոյության կռվի համար, բացի իմ պատանի հասակից և պողպատյա առողջությունից։ Յես չունեյի վոչ մի նպատակ, վոչ մի ձգտում, բացի որվա պարենս վաստակելուց։ Միակ փափագս—շարունակել ուսումս—արդեն մեռել եր իմ մեջ հորս աղքատության պատճառով։


Ազատվելով մորս խանդավառ գրկից, յես սրբեցի յերեսիս նրա ջերմ արցունքի կաթիլները և նստեցի կառք։


Կառք։ Դա մալականի մի մեծ ֆուրդոն եր՝ մինչև կամարաձև ծածկոցը ապրանքով լի։ Յես բարձրացա ահագին հակերի վրա և ինձ համար ընտրեցի մի հարմար անկյուն։


Բացի ինձանից կային յերեք ճամպորդ. մի գինեվաճառ, վոր գնում եր Բագու գինետուն բանալու, մի շատ գեր և շատ գեղեցիկ կին տեղական հագուստով և սրա պատանի վորդին։


Մալական կառապանը, իր տեղը հարմարեցնելով, բարձրացրեց յերկայն մտրակը և սուլեց։ Նախ շարժվեց մեջտեղի ձին, ապա մյուս յերկուսը։ Կառքը ճռճռաց և հետո արձակեց մի այնպիսի դղրդյուն, վոր, կարծես, մի մեծ տուն եր փլչում։