Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/774

Այս էջը սրբագրված է

Բանվորներից մեկը Թևանը մի խոր թառանչ քաշեց։ Կարծես Չատին նրա սրտիցն եր ձայն տալիս։ Չատին նրա աչքերը բացավ, և այն,ինչ նա զգում եր մութ կերպով՝ հիմիկ հասկացավ պարզորեն:


Նա տեսնում եր Չատու ասած դժոխքի պատկերը։ Դատապարտված հոգիների պես մեծ ու պստիկ տանջվում են կրակի մեջ: Նրանց այրված սրտին մխիթարանք տվող չկա։ Նրանց մորմոքվող հոգուն հովություն տվող չկա։ Մի պատառ հացի համար յոթը կաշի հանում , տանջվում, փոթոթվում։ Ի՛նչ անի։ Առանց հացի ապրել չի լինու. սոված յերեխեն հաց ե ուզում ։ Սոված յերեխին մի պատառ հաց տալու համար անճարացած հայրը դառնում ե հանքատերերի գերին, նրանց անխոս ստրուկը մինչև հոգին տալը, վոր իր խեղճ յերեխեն ել անցնի նույն ճանապարհով անխոս, անտրտունջ։ Բայց ինչո՞ւ այդ դժոխքը դրախտ ե տերերի և կառավարիչների համար, վորոնց յերեխաները հացի կարոտ չեն քաշում, անհոգ են, ուսում են առնում, բախտավոր մեծանում։ Նրանց այդպես գոհ ու բախտավոր դարձնողը անլուր շահագործման դատապարտված բանվորներն են, վորոնք զրկված են աշխարհի բոլոր բարիքներից։ Ինչո՞ւ յե այդպիսի խտրություն դրվել մարդկանց մեջ, վոր մեկը չաից դուրս աշխատելով սոված մնա, մյուսը մեջքից ել չկռանալով կուշտ ապրի։


— Դժո՜խք ա,- հանկարծ աղաղակեց նա։ — Դիփ սուտ ա։ Վո՞րն ա թե տերն անողին ա պարտական։ Սրանից ել շատ քրտնել չի ըլիլ. ո՞ւր ա մեր հացը։ Սրանից ել շատ անիլ չի ըլիլ. վո՞րն ա մեր հանգիստը։ Անճարության գերի յենք։ Ես ի՞նչ յերեսպաշտություն ա, վոր ադամորդու պատիժը դիփին ել քաշել չեն տալիս հավասար։ Յես ել պտեմ իմ յերեսի քրտինքով հաց ուիլ, բայց չոր հաց, նա յել պտի իմ յերեսի քրտինքով հաց ուտիլ, բայց լեղապատառ։ Ուրիշն իմ քրտինքով գռլափ տա, իմ յերեխեն պռշկած ու գուրկ մնա։ Հարուստը հարստանում ա, աղքատը աղքատանում։ Յեղը դմակին են քսում, պարկը ջվալի՞ն դնում։ Վոր գործի տերն են, գլխիս տեր ել նն...


Բանվորները սթափեցին. ամեն մեկն ել զգում եր այդ բոլորը, շատ վաղուց եր զգում , բայց հարկադրված եր տանելու ամեն զրկանք, ամեն ճնշում և անարդարություն, և մի կտոր հացի համար: Բայց ի՞նչ կարող եյին անել բացի իրենց ուժը ծախելուց:


Խոնարհության և հնազանդության սովոր գյուղերին կպած պղնձահանքի բանվորները մնում եյին հլու ամեն ուժի դեմ:


Մեսի ապերը Թևանի խոսքերի վրա իր սովորական զգուշությունը մոռացած՝ բացականչեց: