Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/782

Այս էջը սրբագրված է

Մարյանը լաչակը յետ ձգած, յերկար ծամերը ուսերն իվայր ծածան, ճկուն ու նրբակազմ, հրապուրիչ եր ինչպես մի գիշերվա հուշկապարիկ։ Յեվ վերակացուն վրա թռավ նրան բռնելու:


Մարյանը ճչաց, հրեց նրան ուժգին ու համարյա թե Թևանի գլխին ընկավ։ Կատաղած վերակացուն հարձակվեց չանթեր նրան, բայց նույն վայրկյանին Թևանը վեր թռավ, ու քաջալերված Մարյանը բռունցքով խփեց վերակացուի աչքունքին, դուրս պրծնելով նրա ճանկից։


— Գողերրը, գողերը, պահապան, — գոռաց վերակացուն։


Ահաբեկված Մարյանն ու Թևանը ձեռք-ձեռքի տված մահապուրծ փախան այդ տեղից և հևիհև հասան իրանց տուն մի շնչում։


Ու նրանց յետևից հանքագործարանը սոված գազանի պես մռնչում եր բոց ու գոլորշի մայթքելով։ Նրա մռնչոցից հառաչում եյին ձորերը, դողդողում գետինը ու սարսուռ գցում սարսափահար փախստականների սիրտը։


— Գողերը, գողերը,— դեռ թնդում եյին նրանց ականջում: Կարծես քար ու ծառ աղաղակում եյին նրանց հետևից, կարծես բովերի բոցը լուսավորում եր բոսորային լուսով նրանց հետքը։


Ու նրանք շնչասպառ փակվեցին իրանց խրճիթում, մնացին կողք-կողքի կանգնած։


— Հիմիկ վոր մեր տունը քանդվեց,- շշնջաց Թևանը։ — Գալացուկին ճար չկա...


Մարյանը վոչինչ չպատասխանեց. նա շշմել եր կարծես։


— Ինչ կըլի կըլի,— ասաց Թևանը քիչ ժամանակից հետո ավելի սրտապնդած։


— Գիշերվա չարը— առավոտյան բարին,—պատասխանեց կամացուկ Մարյանը, ինքն ել չհավատալով իր ասածին։


— Չե, այդ մեզ չի մնալ,— կտրեց նրան Թևանը։


Գիշերը հղի յեր. պիտի ծներ առավոտյան։


Սարսուռ եր անցնում Մարյանի մարմնով, և նա ավելի ամուր եր կպչում մարդին։ Նա յել եր իմանում, վոր ամենաթեթև բողոքը ըմբոստություն եր համարվում և պատժվում, ուստի իրանց արածը ապստամբություն պիտի համարվեր և ուրիշներին խրատ տալու համար պատժվեր, և այն ել ինչ տեսակ պատժվեր։


— Քեզ չի ձեռք տան, յես գլուխը քարը, — ասում եր Թևանը։


— Բա ինձ համար քեզ պատժե՞ն, հարցնում եր լացակումած Մարյանը:


— Վոր լաշս դաղեն՝ կառողջանա, վոր սիրտս դաղեն, ել նա լավ չի դառնալ,— պատասխանում եր Թևանը և կարծելով, վոր վե—