Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/784

Այս էջը սրբագրված է

5


Անցավ չար որը, յերեկոն վրա կոխեց, իսկ արյանը կարծես ճրագ վառելու կարիք չեր զգում: Ո՞ւմ համար վառեր։ Նա կծկվել եր ոջախի ծխրտող կրակի մոտ, իսկ նրա փոքրիկները արդեն քնել եյին, սիրունիկ, գլուխները նրա ծնկներին դրած։


Ամեն յերեկո այս ժամանակ կրակը պլպլում եր, մարդ ու կնիկ նստած մի կտոր հաց եյին ուտում, իրենց ցավերից խոսում։ Բայց հիմիկ մարդի տեղը թափուր եր։


Մարյանի սիրտը լցվավ։


Հանկարծ դուռը ճռռաց, և Թևանի կամացուկ բարի յերեկո տալը շոյեց նրա լսողությունը։


Մարյանը մի րոպե սառավ կապվածի պես։ Բայց յերբ Թևանը մոտեցավ, ու կրակի լույսը նրա վրա ընկավ, Մարյանի սիրտը սկսեց արագորեն բաբախել, շունչը կոկորդում գալարվեց, հեծկլտաց։


Յերեխաները քնաթաթ աղաղաղակ բարձրացրին։


Թևանը գրկեց յերեխաներին, նստեց։ Մարյանը կճեց նրա մոտ։ Նրա լարված ջղերը թուլացան, ու նա ձեռքերը յերեսին դրած սկսեց հեկեկալ։


— Տազ արա, յերեխեքը խեղճ են, — ասաց Թևանը մեղմորեն։


Մարյանը իրեն հավաքեց, խոր թառանչ քաշելով վեր կացավ ճրագը վառեց, կրակը թեժացրեց, ջուր դրավ մարդի վոտները լվանալու, դես ու դեն ընկավ ընթրիքը պատրաստելու։ Այդ ժամանակ նա սարսափելով նկատեց մարդի ձեռքերի վրա արյուն։ Նա աչքերը չռեց մարդի վրա, բայց մարդի յերեսն ել եր արյունլվիկ։ Նրան տանջել եյին, հոշոտել։ Մարյանի սիրտը մղկտաց կսկծից:


— Արյուն տա քեզ արյունլվիկ անողը,— հառաչեց նա, վեր կացավ արյունը սրբեց։ Հետո իր բոլոր կարողությունը կազմող յերեք հավից մինը մորթեց, խաշեց, խոնչա դրավ, հաց գցեց ու դեղ ու դարմանի համար պահած մի սրվակ ողին ել դուրս բերավ։


Թևանը շարժեց գլուխը և մի դառն քմծիծաղ տալով շշնջաց.


— Յետի լեղն ե...


Յետի լեղն եր, խեղդվողի վերջին լողը, վերջին յերգը: Ու նրանք իրանց ունեցած չունեցածը դուրս եին կարծես իրանց կործանումը տոնելու, մի վերջին անգամ կուշտ հաց ուտելու իրանց յերեխաների հետ։


Թևանին տանջելուց, հոշոտելուց, ամբողջ որը սոված կապած պահելուց հետո արձակել եյին, մի անգամ ընդմիշտ վռնդելով հանքագործարանից:


Այդ ել մեծ վողորմություն եր, վոր ամենակարող կառավարիչը նրա հոգին հանել չեր տվել տանջանքի ու կապանքի մեջ: