Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/788

Այս էջը սրբագրված է

Ձմեռվա որ եր. գորշ ամպերով ծածկված յերկնակամարը ասես կապարի ծանրությամբ ճնշում եր քաղաքը։ Հյուսիսային չոր սաստկաշունչ քամին՝ ահեղագոչ փչելով ձյունի հատիկները փետուրի պես վոլոր—մոլոր խաղացնում եր և ապա պատերին, հեռագրական սյուներին ու լապտերներին խփում, կպցնում։


Մշակի որ չեր։ Նրանք՝ թուրք, պարսիկ՝ թուխ ու կեղտոտ դեմքով, խուզած կոշտ ընչացքով և բաց կրծքով հացթուխների և խաշեփողների խանութների պատի տակ լքչան լրիկի վրա պպզած՝ զրընգ-զրընգ դողդողում եյին: Գործ չունեյին, անգործությունից մրսում եյին, բեռան կամ արևի բացվելուն եյին սպասում, բայց վոչ այս կար և վոչ այն:


Դրանցից միքիչ վեր առանձին նստոտած եյին իրանց համետների վրա տասը հոգի հայ մշակներ։ Նրանցից մի յերեք—չորսն եյին, վոր կարելի յեր ասել, թե հայ եյին դեմքով, իսկ մնացածները եթե խառը լինեյին նստոտած թալիշների ու թուրքերի հետ, դժվար թե կարելի լիներ զանազանել նրանց ազգությունները։ Դրանք ել գործ չունեյին, քամու ձեռքից պատի տակն եյին կուչ յեկել, ատամ ատամի խփում, սըրթսըրթում։ Չայչին հայ մշակներին աչքաթող չարավ: Խաշը նրանք ել եյին տեսնում, և նրանց բերանների ջուրն ել եր գնում, մանավանդ նորեկների, բայց մի հզոր անտես ձեռք արգելում եր դրանց այդ ցրտին կուշտ ուտել ազդարարելով. «Ձեռքդ տար գրպանդ, տես՝ նոր սև փող յեկավ, տասանորդը փորիդ տուր, յեթե վոչ, մոռացիր քաղցդ և ձրի ոդ կուլ տուր»։


Հայ մշակների մեջն եր Ստեփանը։ Յերկու ամիս եր անցել այն որից, յերբ նա համետը անվճռաբար կռնակն առավ, սկզբում— առաջի շաբաթում վարանման մեջ եր, մեկ ուզում եր տուն գնալ, մեկ հաստատապես ասում եր՝ «չեմ գնա, ինչ ել վոր լինի», իսկ շաբթից հետո՝ հաշտվելով իր բախտի հետ՝ լայն կռացրավ, անճկուն վիզը ծռեց, իր ընկեր մահակը թողեց փոշոտելու, պարանն առավ ձեռքը։ Այդ որվանից նրա հպարտ ու անկեղծ աչքերը վոչինչ չեյին ուզում տեսնել, բայց միայն սև կոպեկները։ Թակարդի մեջ ընկավ. փողը քաղցրացրավ նրա ստոր պաշտոնը, մտքից չտալով ապագա «լավ ապրելը» և կնոջ խոստացածները։ Նա ստանում եր որական 30-50 կոպեկ. ցամաք հացով եր ապրում և դրան տված փողն ել կորած եր համարում, վորովհետև թանգ ու կրակ եր նրա համար հացը և բացի այդ իրանց հացի համն ու հոտը չուներ։


Յերկու ամիսը ընտանիքում մեծացած, ամուսնացած մարդու. համար մեծ ժամանակամիջոց ե: Սկզբում Ստեփանը թեև շատ քիչ