Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/796

Այս էջը սրբագրված է

Խոսք չկա, վոր ամեն իրիկուն գնում եյի, Սադայի խանութում քնում։ Կուչ եյի գալիս, կծիկ դառնում պատի տակին, վոր ինչ ե, աչքս փակեմ, գործիս կաղ գնամ։ Գիշերը յերկու յերեք անգամ զարթնում եյի. կամ վոտս եյին կոխ տալիս, կամ նստում եյին փորիս վրա, կամ թե բարձր գոռում։


Քարտաշ Բախշին ել հոգիս ձեռքն եր հավաքել, աչքս վոր աչքին եր ընկնում, բկիցս բռնում եր. — տեսա՞ր ինչ լավություն արի քեզ, հիմա իմացիր, վոր թեև ղարաբաղցու անունը «ղոչաղ» ե դուրս յեկած, բայց շամախերուն չեք հասնի։


Խոստացել եյի կիրակի որը նրա համար արաղ առնեմ։


Ընկերներս շաբաթ յերեկո բաղնիս գնացին, յես չուզեցի գնալ։ Փող շատ եր հարկակոր ինձ։ Բոլոր աշխատածս տվի Սադային, ելի մի բան պարտական մնացի, Բախշիի համար արաղ գնեցի։ Քիչ թեթևացա։ Փառք աստծու, հիմա փող աշխատում եյի որական 70 կոպեկ։


Բայց մի բան, վոր միտս եր ընկնում, որս սևանում եր։ Ախ եյի քաշում, ասում եյի. ախ, մի չորս կամ հինգ շաբաթ այսպես բան արած լինեյի և հաց ել չուտեյի։ Հիմա մոտս մի հիսուն մանեթ կլիներ, կուղարկեյի տուն... յերեխաներիս։ Ա՜խ, իմ Անուշ, իմ Սառա, իմ Սիմեոն, ծիտ դառնայի, թռչեյի, մեր շեմքում կանգնեյի, ի՞նչ եք անում, ի՞նչ եք ուտում։ Գիտեմ, հիմա ասում եք մեր հայրը գնաց, յոթը սարով անցավ, սիրտը յոթը սարի քամակին թողեց։ Չե, իմ սիրելիք, ելի սպասեցեք...


Յերկուշաբթի առավոտ յերեսիս խաչ հանեցի, գնացի մուրճը ձեռս առա։ Քրտինքն ու թոզը ելի ինձ վեր առան։ Ձեռք եր պետք, վոր բան անի. գործակատարը կանգնած նայում ե, ով վոր շուտ շուտ ե շարժվում, ռոճիկն ավելացնում ե։ Յեթե մի յերկու ավելորդ ձեռք ունենայի... Խփում եմ, խփում յերկաթին, մեկ տեղ պրծնում եմ, ուրիշ տեղ են տանում։ Քրտինքս ծլլում ե քթովս, բերանս ե թափվում, ծլլում գլխովս, ականջներս թափվում։


Ճաշի ժամանակ նստում ենք, միմյանց մի յերկու խոսք ասում, շորներս ցամաքացնում։


Այսպես յերկու շաբաթ ել բան արի։ Սադայի հաշիվը վերջացրի, միքանի մանեթ ել մնաց մոտս։ Փառք աստծու, հիմա կուղարկեմ տուն։ Յես ցամաք հաց եյի ուտում, հացը ծանր եյի ծամում, վոր շուտ կշտանամ, զրկում եյի ինձ, վոր յերեխաներս քաղցած չմնան։


Բայց տեսնում եմ, վոր Սադայը խեփ-խեթ ե նայում ինձ։ Նրա միտքը ով չեր հասկանում։ Նեղացած եր, վոր ամեն անգամ կերակուր չեմ ուտում։