Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/798

Այս էջը սրբագրված է

վոր քառասուն մանեթ փող ե մնացել։ Մտքումս մի թիվ եյի դրել թե այդ թվին հասներ, տուն պիտի գնայի։ Բայց վախում եյի, վոր այդ թվին չկարողանամ հասցնել։ Ապրիլ ամիսը վոր անցավ, Բագուն դժոխք ե դառնում։ Յերկնքից կրակ ե թափվում, յերկիրը կրակ ե ընկնում, բախտավորները փախչում են, խեղճերը մնում. հաց ուտելու ժամանակը հենց հիմա յե։ Ամբողջ տարիները մեջքիցդ ծալված բան արա, նավթի մեջ կորած, ցեխ ուտելով, միջատների կերակուր դառած, սիրտդ կրակ ե ընկնում, այրվում ե։ Գնում ես, վերցնում աղի տաք ջուրը, վորի կեսը նավթ ե, կեսը ավազ, խմում ես՝ հոգիդ հովանա, ընդհակառակը, սիրտդ խառնվում ե, աչքերդ ուզում են դուրս տրաքվեն, մարմինդ ավելի տաքանում ե, քրտինքդ ծլծլում ե։ Ելի գնա, բան արա։ Մի կտոր շվաք չկա, վոր պառկես, հանգստանաս։ Քամի թե մեկ—մեկ վեր ե կենում, ճակատդ հովացնելու համար չե. ավազը, ծուխը, թոզը հավաքվում ե ամեն տեղից, բերում ածում աչքերդ, բերանդ, ականջներդ, քիթդ: Փախչելու տեղ չկա:


Հենց մի այդպիսի որ յես մրսեցի։ Քաղաքից գալիս եյի, տաքը խեղդում եր. կոճակներս բաց թողեցի, վոր քրտինքը ցամաքի։ Մեկ ել, չեմ իմանում վորտեղից, մի սուր ցուրտ քամի վեր կացավ թրի պես կտրում եր անցնում։ Մինչև տեղ հասնելս իմն ել ինձ հասավ: Մեջքս տախտակ եր դառել, չեր շարժվում։


Պառկեցի։


Աչքս բաց եմ անում... ինչպես վոր ամառ ժամանակ գետում լողանում ես, գիշերը դռանը, լուսնի տակ քնում, այնպես ել յես եմ ընկած։ Թեթևացած, հանգիստ, հով։ Վողորմած տեր, մթնել եր։ Տղերանց սենյակից ճրագի շողերն ընկել են իմ բունի առաստաղին. դռանը յերկու թե յերեք մարդ հանդարտ խոսում են. քաղցր ե ականջ դնելը։ Ցուրտ—ցուրտ քրտնքի մեջ եմ լնկած. շորերս կպել են մարմնիցս, ականջներս ջրով լցվել։


Բերանս առաջվա պես չորացած չե, բայց ելի դառն ե։


Քնով եյի անցած թե ինչ եր, չգիտեյի, բայց աչքիս առաջ տեսել եյի... յերեխաներիս։ Աչքս բաց անելուն պես չեյի հավատում, թե Բագու յեմ։ Ախար տուն եյի գնացել, յերեխաներս շեմքումը վզովս եյին ընկել. յերեսս լիզում եյին, եյին չեյին թողնում, վոր տուն մտնեմ. վորը փեշերիցս եր բռնում, վորը ձեռքիցս, վորը վոտիս տակն եր ընկնում։


Բայց յերբ յերկար նայեցի չորս կողմս, խելքս ինձ ասաց. «Լավ միտք արա, տես վորտեղ ես. ծիտը յերազում կորեկ կտեսնի»։ Ճշմարիտ եր. մշեցի Մինասի ձախը լսեցի։


Նա, ինչպես միշտ, նստել եր դրսում, յերազում եր։