Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/808

Այս էջը սրբագրված է

հազար կողմից դարձյալ փնչացնում եյին մեքենաները տնքացող դժգոհ գազանների պես, հևում եյին հնոցները, ծուխ ու գոլորշու ամպերը գալարվում եյին խավարի հետ, ու լուռ, վիթխարի խոնջանքի հողմածեծ գիշերն եր իջնում վայելով։


Մուքելն ու Սեդրակն արդեն բակի կենտրոնումն եյին:


Բակում զույգ ձիերով մի կառք կանգ առավ. ցած իջան յերկու պարոններ՝ մեկը յերիտասարդ, մյուսը տարիքով։


— Են ջահելը մեր կառավարիչն ա,—ասաց Մուքելը, — են մեկելն ել ես բոլոր հորերի տերն ա, խազեյինը։


— Կառավարիչն ինչքան ռոճիկ կառնի, Մո՛ւքել։


— Հարիր հազար։


— Յա։


Սեդրակը մի վայրկյան կանգ առավ քարացած, ապա առաջացավ լուռ մտածմունքի մեջ. հարյուր հազարը աներևակայելի թիվ եր, վոը Մուքելն ասաց կարծես ընկերոջը սասանեցնելու համար։ Վորպես ավելի փորձված, գիտակ, նա առանձին հաճույք եր զգում իրեն շրջապատող միջավայրը վորչափ կարելի յե ապշեցուցիչ, ցնորական դարձնել Սեդրակի համար։ Յեվ իրոք Սեդրակն ապրում եր մի մղձավանջի մեջ. ամեն ինչ շրջապատում հրաշք եր նրա համար. միաժամանակ նա սքանչացած եր Մուքելի գիտությամբ։


— Տո՛, Մո՛ւքել, դու ինչքան բան գիտես։


Ընկերը լուռ եր, բայց խավարի մեջ ժպտաց, նրա գեղջուկ միամիտ փառասիրությունը շոյվում եր. բայց քամին սաստկացավ, ցուրտը նեղում եր։


— Շուտ, շուտ գնանք,—ասաց նա.—ցուրտ ա. ես անիրավ քամին ել խո իմ հոգեառ հրեշտակն ա, շորերս ել նավթոտ են, միշտ թաց, չորս կողմից նավթ ա, վոր մաղվում ա մարդու գլխին. տաքանալ չի ըլնում:


Նրանք շտապով կտրեցին բակն ու անցան։


Քիչ հետո՝ Մուքելն ընդհանուր խոհանոցում հնոցի առաջ կանգնած՝ թե տաքանում եր և թե ընթրիքի համար թյի ջուր յեռացնում։ Սեդրակը քիչ հեռու հենված եր պատին, զարմացած նայում եր այս տարորինակ հնոցին, ուր փայտի փոխարեն ինչ-վոր սև հեղուկ ծորալով խողովակից, վայրկենապես ուժեղ բոց եր կտրում։


— Եսենց ել ոջա՜ղ... հա՛յ քո տունն ավերի, մա՜րդ, դու ինչե՜ր կանես ,-ասաց Սեդրակը հիացած։


Կա՛ց, հըլա ինչե՜ր կտեսնաս, ես ինչ ա վոր. են պստլիկ մարդը խո տեսար, մեր կառավարիչը. աշխարքի խելք կա գլխին. վողջ նրա շինածն ա։