Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/809

Այս էջը սրբագրված է

— Մուքել, բա եդ խազեյինը ի՞նչքան հարստություն կուենա:


—Խազեյինը,Սե՛դրակ ջան ,ի՞նչ ասեմ,—ու Մուքելն աչքերը վեր բարձացրեց , կարծես հաշվելով խազեյինի հարստությունը,— խազեյինը աստծու կրակի տերն ա։


Այս անորոշ ու գրեթե արտառոց պատասխանը, վոր լիովին գոհացրեց Սեդրակին, չեր արտահայտում վոչ Մուքելի զայրույթը, վոչ նախանձն ու քենը։ «Աստծու կրակը» նրա համար հարստության գերագույն չափն եր։


Սեդրակը մտազբաղ եր.տեսած֊լսածների տակ միտքն ընկճված՝ նա գրեթե տխուր եր: Մուքելը չեր ուզում ընկերոջն այդպես տեսնել. մարմինը տաքացել եր արդեն, տրամադրությունը լավացավ։


— Ինչ ես միտք անում, ախպեր, — բացականչեց նա խնդաձայն, քաջալերիչ շեշտով, — աշխարքի հիմն անիծեմ, ինչպես անես, ենպես կգնա. հարուստը հարուստ կըլնի աղքատը՝ աղքատ. քեֆդ տեղը պահի, տղամարդ կաց. ո՞վ ա առանց մի կտոր հացի մնացե, վոր մենք մնանք. վողջություն ըլնի, մնացածը հեշտ ա. դու Սաթոյից ասա, Սաթոյից. շատ բան ասա։


Սեդրակն ել ասելիք չուներ, ամեն ինչ պատմել եր, ու ժպտաց։


Մուքելի սրտում սիրած աղջկա անվան հետ գարուններ փթթեցին, ու աչքերը փայլատակեցին սիրո կրակի փայլով: Նա դուրս քաշեց ծոցից Սաթոյի թաշկինակը, քնքշությամբ բացեց, տարածեց ոդի մեջ, նայեց, նայեց, ապա քսեց յերեսին, հոտոտեց, կրկին շարժեց ոդի մեջ, գլխից բարձր, վորպես դրոշակ։ Ու մինչ Սեդրակը նայում եր ժպտալով, Մուքելը խանդոտ սկսեց իր սիրած գեղջուկ յերգը, վոր Սաթոյից եր լսել։


Սեդրակը հիացմունքով ու քաջալերիչ ժպտով հետևում եր ընկերոջ այս հանկարծական, այս խենթ ցնծության, ու գոհ եր, վոր ինքն ե մասամբ պատճառ յերջանկության այս սիրուն պատկերի:


Քամին մռնչում եր դրսում, հնոցի բոցը նրա հևքով մտրակված՝ վորոտում եր ավելի և ավելի թափով, ու վողջ շենքը դրընգում, դողում եր...