Այս էջը հաստատված է

բայց միաժամանակ և ջատագովը անցյալի։ Աբովյանը հաճախ հանդիսանում ե հետամնաց բարքերի, սովորությունների և հայացքների յերկրպագու։ Նա հաճույքով նկարագրում ե այնպիսի կոպիտ տեսարաններ, վորից կսարսափեր ավելի նուրբ հետևողական «յեվրոպացին»։ Նրա անբավականությունը «քաղաքացիներից» միևնույն բնորոշ յերկվության ցայտուն արտահայտությունն ե, նրա յերկրպագությունը հետամնաց գյուղին՝ յուրորինակ մի պարտք, վոր նա տալիս ե իր հին աշխարհայացքին, հին մտածողությանը։

Բայց Աբովյանի «Վ. Հ.»-ն վոչ միայն այդ կողմից ե հետաքրքիր և բնորոշ։ Այդ վեպը բացի Աբովյանի կյանքի և մտածողության արտացոլումը լինելուց և՛ նաև պատմական մի փաստագիր, վորն այսոր մեզ տալիս ե 19-րդ դարի առաջին կեսի հայ գյուղի ու գյուղացիության լուսանկարը։ Պատկերն ավելի արժեքավոր և հետաքրքրական ե դառնում մանավանդ նրա համար, վոր գրվել ե ժամանակակից անկեղծ, նրբազգաց և հիրավի ճշմարտախոս մի նկարչի կողմից։ Գյուղացիության միջից յելած հեղինակը կարողացել ե արձանագրել, արտացոլել այն բոլորը, վոր ավելի բնորոշ ե և բնահատուկ։

Աբովյանի գյուղը նահապետական կամ ավելի վորոշ հայրապետական գյուղ ե։ Մասնավոր սեփականություն այդտեղ գոյություն ունի, և այդ հողի վրա իշխում ե, թագավորում ընտանիքի «հայրը», «մեծը»։ Բոլորը պիտի հնազանդվեն նրան, լուռ, առանց տրտունջի և բողոքի։ Յեվ ահա ինչու նահապետական գյուղում առանձին հարգանքով, գոնե արտաքին ակնածանքով են վերաբերվում «մեծերին»: Գյուղի կառավարիչներն ընտրվում են նրանցից, գյուղի յերիտասարդները պարտավոր են խոնարհանքով բարևել նրանց և մեծարել։ Աբովյանի ժամանակ մանավանդ մեծերի այդ տիրապետությունը հզոր եր։ Յերբ «մեծերը», այսինքն տանուտերը, քեդխուդաները և մնացյալները դուրս են գալիս յեկեղեցուց, յերիտասարդների խմբակը, վոր կանգնած ե լինում յեկեղեցու մոտ, լուռ սպասում ե նրանց ցրվելուն։ Յերիտասարդները չեն համարձակվում ուրախանալ, զվարճանալ «մեծերի» մոտ, վորոնք գյուղամիջումը կանգնած հանդարտ զրույց են անում։ Իրենց անհամբերությունը և անբավականությունը նրանք հայտնում են կամաց, գրեթե շշուկով։ Նրանք տարակուսում են, թե ինչու «անատամ ռեխ» ունեցող «մեծերը» չեն ցրվում վերջապես և հնարավորություն չեն տալիս նրանց զվարճանալու։

Ավելի ծանր ու դաժան ե կանանց դրությունը: Շատ բնորոշ ե, վոր Աբովյանի վեպում կանայք միանգամայն աննկատելի յեն․