Այս էջը հաստատված է

Դեռատիներ կան իրենց մեջ, սիրուններ ալ, և սակայն երիտասարդական աշխույժը ու եռանդը մարած է իրենց մեջ ու թերևս ալ, ո՞վ գիտե, սա զույգ մը կը խեղդվի խունկի անուշ մթնոլորտին մեջ, ահա՜, հո՛ն է այն մեծ անձնազոհությունը, ճշմարիտ սրբությունը. երանի՜ այն մարտիրոսուհիին, որուն սիրտը մարմարիոնե չէ սա մյուսներուն պես և սակայն կրցած է մարմարիոնե պահարանի մը մեջ մտնել: Դուրսը արևը կը խուսափի հորիզոնեն, արյունելով ճերմակ ամպերը, ու վերջալույսին ոսկի ցոլքերուն տակ մարգագետնին կանաչ օթոցը կը շողա: Մինչև ծովեզերք երկարող ուռիներուն հովանին ծածկված է վարդագույն փոքրիկ պեպեքներով, որոնց գիրուկ մայրիկներն ալ դարեվանդին վրա նստած մտիկ կ՚ընեն հեռուն եկեղեցվույն աննման շարականները: Դեռահաս աղջիկներու, երիտասարդ ամոլներու մեջտեղ ալ, իրավ է, ծերացած աղջկա մը նիհար իրանը կ՛երևա երբեմն, բայց անոր երեսն ի վեր ժպտող պզտիկ քեռորդիները մոռցնել կուտան իրեն, թե մայրիկ մը չէ ու անոնց պզտիկ քմահաճույքները կը կատարե ճշմարիտ մոր մը ներողամտությամբ, մինչ լայնկեկ բերանն ալ չի կայնիր զվարճաբանելե քիչ մը մեծերուն հետ. իր ճշմարիտ դերին մեջ է ան: Երգեհոնի մը ցատկրտող ձայները կուգան կը խառնվին տղոց ճիչերուն, մեծերուն ծիծաղներուն ու եկեղեցվույն բաց պատուհաններեն

46