...Անշուշտ, Հրանտ, մխիթարանքները չեն կրնար ջնջել ձեր սիրտին վերքերը ու սուգը, և ես եթե ձեզ մխիթարելու ըլլայի` կրնայինք ըսել. «Բժի՛շկ, բժշկեա՜ զանձ քո»: Ես ձեզ սփոփել ուզեցի, և ավելին` իմ զգացածս, տրտմություններս տողեցի: Երբ ես գրեմ` գրելիքս չեմ մտածեր, այլ զգացածս կը գրեմ:
...Քու հայրդ ալ, Հրա՛նտ, աոանց ճանչնալու կը հարգեի զայն ու կը փափաքեի տեսնել. մեղք, որ երկինք ուրիշ կերպ տնօրինեց: Հիմակ լոկ պատուհանես կը դիտեմ Պալըգլըի սգաստվեր ծառերը ու անոնց հովանիին տակ հանգչող հոգիին համար կ՚աղոթեմ ու ամեն անգամ, որ նայվածքս հոն կը հածի` կը հիշեմ նաև հորս գերեզմանը, որ հեռուն` Շիշլիի մարմարագեղ գերեզմանոցին մեջ է: Եղբայր իմ, սրբեցեք ձեր արցունքը. անոր հիշատակին հետ ապրեցեք: Երանի՜ թե կարող ըլլայի տկար գրիչովս սփոփել ձեզի, սակայն գիտեք, Հրա՜նտ, որ ինչպե՛ս օգտակար են ինձի ձեր տողերը ստանձնության այս վայրին մեջ, ուր հազիվ ամիսը մեյ մը ծանոթ դեմք մը կ՛երևա, անոնք զիս կ՛սթափեցնեն լռությունը խզող նվագարանի մը անուշ թրթռումներուն պես: Պատուհանես` որուն առջև նստեր եմ, Պալըգլըի չարաշուք նոճիները կ՛երևան, որոնք իրենց սև սրածայր գագաթները մխրճեր են մոխրագույն ամպերուն մեջ. սիրտս անձկություն մը
55