Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/141

Այս էջը հաստատված է

նեակ», այսինքն փոքրավոր գործակից։ Անվանում է Մաշտոցին իր «հայր», հասկանալի է՝ հոգևոր հայր։ Գրել է ոչ միայն իր իմացածները, այլև նշանավոր գիտակ անձերից քաղելով։

Նա պատմվածքի ընթացքում էլ երկու անգամ հիշում է իրեն։ Երբ Հայաստանի զանազան կողմերից Վաղարշապատում հավաքած աշակերտներն ուսման մեջ կատարյալ են դառնում, այն ժամանակ նրանց խումբ-խումբ ուղարկում են գավառները սովորեցնելու։ Կորյունն իրեն էլ մեկն է ասում այդ ուղարկվածներից՝ այսպես գրելով. «Սկսան . . . գումարել ի կողմանս, ի գաւառս . . . զհասուցելոցս ի կատարումն գիտութեան [զգաւս], բաւականս և առ ի զայլսն զեկուցանելոյ» (Հատվ. ԺԲ)։

Մի ուրիշ տեղ (Հատվ. ԺԹ) նա պատմում է, թե մի քանի «եղբայրներ» Հայաստանից գնում են Կոստանդնուպոլիս։ Նրանցից աոաջինն էր Ղևոնդես, երկրորդն ինքը Կորյունը («և երկրորդն՝ Կորիւնս»), որոնք մոտենում, հարում են Եզնիկին, իբրև առ ընտանեգույն սննդակցի,—«մատուցեալ յարէին յԵզնիկն, իբրև առ ընտանեգոյն սննդակից»։ «Եղրայր» բառից երևում է, որ Կորյունը կրոնավոր է եղել։ Նրանք Կոստանդնուպոլսում հոգևոր պիտույքի խնդիրը կատարելուց, այսինքն թարգմանություններ անելուց հետո՝ վերադառնում են՝ հետները բերելով ձեոագիրներ, որոնց թվում և Եփեսոսի ժողովի կանոնները։ Այդ ժողովը տեղի է ունեցել 431 թ.։ Ուրեմն Կորյունն իր ընկերների հետ վերադարձել է ոչ վաղ քան 431 թ.։

Եզնիկը, ինչպես ինքը Կորյունը գրում է, Այրարատյան գավաոի Կողբ գյուղից էր, նա հայտնի Եզնիկ Կողբացին է։ Որ նա եղել է Կորյունի «ընտանեգոյն սննդակիցը», պետք է ընդունել, որ Կորյունը մանկության ժամանակ սնված, մեծացած է եղել Եզնիկի հետ։ Այսպես և Ղազար Փարպեցին իրեն անվանում է Վահան Մամիկոնյանի «սննդակիցը»,որովհետև վերջինիս մայրը նրան իր որդու հետ «սնուցել» է, այսինքն մեծացրել, կրթել է։ Էլ ուրիշ կենսագրական տեղեկություններ չունենք մեր այս հեղինակի մասին[1]։ Հետագայում նրան միայն գովում են անվանելով՝ «այրն ցանկալի Կորիւն», «այրն հոգևոր Կորիւն», «երանելի այրն Կորիւն», «երանելին Կորիւն», «սքանչելի այրն Կորիւն» և նույնիսկ «սուրբն Կորիւն»։ Այս գովեստները ցույց են տալիս, որ նա բարի համբավ է թողել իր մասին։


Կորյունն իբրև «վարդապետ»՝ անշուշտ պարապել է ուսուցչությամբ ու քարոզչությամբ, ինչպես իր ուսուցիչ Մաշտոցը․ նա պարապել է նաև թարգմանություններ անելով։ Գուցե նա գրքեր էլ է գրել, բայց ոչ մի ուրիշ երկ հայտնի չէ նրա անունով, բացի Մաշտոցի «Վարքի և մահվան պատմությունից»։։ Ձեռագիրների մեջ կա հետևյալը. «Ապաշխարող կարգել և արձակել ի մեծի հինգշաբաթին՝ երանելւոյն Կիւրղի Երուսաղեմացւոյ գրեալ… և Արձան և Կորիւն թարգմանիչք բերին ի Հայս»։ Այս երկի թարգմանությունը վերագրում են Կորյունին։ Գործածված բառերի ու դարձվածների վրա հիմնվելով՝ նրանն են համարում և ուրիշ թարգմանություններ[2], բայց այդ երկբայելի է, մասամբ և բոլորովին մերժելի։

  1. Կորյունն իբր եպիսկապոս է եղել Վրաստանում։ Մի կարծիք, որ առաջ է եկել բնագրի աղճատման հետևանքով և գրվածքն ամբողջությամբ լավ չուսումնասիրելուց – Տես վերևում հիշատակված հրատարակության էջ 115, ծան. 103։
  2. Տես Նորայր Բյուզանդացի, «Կորիւն վարդապետ և նորին թարգմանութիւնք»