որ վեհաշուք և հիահրաշ լինի և խոր ազդեցիկ։ Սկզբում հոգը միայն հայոց եկեղեցու համար չի եղել, այլև վրաց, աղվանից և ափխազների, ինչպես է արաբական թարգմանության մեջ. բայց հետագա խմբագրությունների ժամանակ այդ ազգերը դուրս են ձգվել. այժմ Ագաթանգեղոսի մեջ ոչ մի խոսք չկա այդ ժողովուրդների քրիստոնեական դարձի մասին: Դուրս է ձգված և սկզբի մասը, ինչ որ Սասանյան հարստության սկզբնավորությանն է վերաբերում։ Այսպիսով մնացել է միայն, կարելի է ասել, հայոց եկեղեցու սկզբնավորության պատմությունը, իբրև մի առանձին ազգային եկեղեցու, որ իր սկիզբն առել է Կեսարիայից եկած մի քարոզչից, և առաջին ձեռնադրությունն ստացել այնտեղի եպիսկոպոսից։ Ուրեմն հայոց եկեղեցու սերտ հարաբերություն հույների հետ։ Ոչ մի հիշատակություն չկա ասորի քարոզիչների և ասորիների մասին. միայն մի տեղ ասվում է, թե Տրդատը հրամայել է իր իշխանության զանազան կողմերից մանուկներ ժողովել դպրություն սովորեցնելու. «Եւ զնոսա յերկուս բաժանեալ, զոմանս յասորի դպրութիւն կարգեալ, և զոմանս ի հելլէն»: Բայց այս հատվածը բառացի քաղված է Կորյունից և քաղված է մեխանիկորեն:
Ագաթանգեղոսի այսպիսի, կարելի է ասել, ազգայնացումը, կամ, ավելի ճիշտ, ազգայնացական վերամշակությունը, կատարվել է անշուշտ ոչ վաղ, քան 7-րդ դարը, հայոց և վրաց եկեղեցիների բաժանումը։ Այդ ժամանակ և, պետք է կարծել, մեջը մտցրել են Կորյունից ընդարձակ հատվածներ, այդ պատմությունն ականատեսի գործ ցույց տալու համար[1], ավելի ընդարձակելու, գեղեցկացնելու և Ս. Գրիգորի կերպարն իբրև մենակյացի ավելի բարձրացնելու համար։ Եվ իսկապես, Ս. Գրիգորը, որ անպայման իրական պատմական անձ է, Ագաթանգեղոսի Պատմության մեջ դարձած է արդեն մի լեգենդար հոյակապ անձնավորություն, «այր հրաշալի» (էջ 430). վեհազն իր պարթևական Արշակունի ծագումով, սքանչելի իր վկայաբանությամբ, կրած չարչարանքներով և Խոր Վիրապում տարիներ ապրելով, իր քարոզությամբ, վարդապետությամբ, որ կանոնական նշանակություն է ստացել, հայերին քրիստոնյա դարձնելով և իր ճգնությամբ, իր տեսլով: Այս վերջինը, տեսիլը, իր սիմբոլիզմով անհրաժեշտ է եղել հայոց եկեղեցու սկզբնավորությանը խորհրդավորություն տալու համար: Երբ հայ եկեղեցին իրեն անկախ էր զգում և հույներից և ասորիներից, պետք էր ցույց տալ, որ մեր եկեղեցին հիմված է ոչ թե 3-րդ դարի վերջում կամ
- ↑ Տես, ի միջի այլոց, Վերջաբանի մեջ (Հատ. 897, էջ 470), Կորյունից մեխանիկորեն քաղած հետևյալ կտորը: Եւ արդ՝ քանզի ըստ օրինակի գրելոցս սա ի մէնջ՝ ի կատարումն դարձուցաք, ոչ եթէ ի հին համբաւուց տեղեկացեալ և մատենագրեալ զայս կարգեցաք, այլ օրոք մեզէն իսկ ականատեսք եղեալ կերպարանոցն և առընթերակաց հոգևորական գործոցն և լսողք շնորհապատում վարդապետութեանն, և նոցին արբանեակք ըստ աւետարանական հրամանոցն: Ոչ աւապատում ճարտարախոս եղեալ աս ի մերոց բանից, այլ դյուճախաղոյնոն թողեալ և ի նշանաւոր գիտակաց քաղելով՝ զհամառոտն կարգեցաք. օրք ոչ մեզ միայն, ով թագաւոր, այլ յորժամ քո առաջի գմաանանդ ընթեռնուն՝ յտյանի է»։—Բանաքաղն Ագաթանգեղոս հեղինակին նույնիսկ դարձրել է «նոցին արբանեակ ըստ աւետարանական հրամանացն», ինչ որ Կորյունն իր համար գրում է իբրև «նոցին», այսինքն Սահակի և Մաշտոցի փոքր գործակից: