սանները երգել ու պատմել են ոչ միայն իրենց մեկենասների համար, այլև երգել են հենց նրանց իրենց, նրանց գործերը, փառաբանելով նրանց իբրև քաջարի հերոսների։ Դրա համար գուսանները ծաղկեցնում, մեծացնում էին հովանավորողների արարքները, հարկավ, հիշվելով գլխավորապես իրենց տեսածների ու լսածների վրա: Այդպիսի գուսանական երգերից, իբրև սկզբնական աղբյուրից, ծագում է է «Պարսից պատերազմ» վեպի մի որոշ մասը, ըստ երևույթին, առանձնապես Փ. Բուզանդի է «Հայոց Պատմության» այն բազմաթիվ մանր գլուխները, որոնց մեջ միանման կերպով պատմվում են Արշակի ու Վասակի հաղթությունները: Թե ինչպիսի ձևով են հորինված եղել այդ սկզբնական պատմական երգերը, մենք այդ չգիտենք։ Այդ տարրական երգերից էլ բառացի ոչինչ չի մնացել: Դրանց ձևի մասին գաղափար կարելի է կազմել նույն տեսակի մի քանի ուրիշ պատմական երգերից, որոնք մնացել են հետագա դարերից, որոնց և կդառնանք հետո։
Գուսանները, ինչպես վեպից տեսնում ենք, իրենց երգերի մեջ, հիմնվելով ավանդության ու զրույցների վրա, ներշնչվելով անպայման և հին կոծերի ու վիպական երգերից, փառաբանում էին նաև իրենց հերոսներինախնիքներին, նրանց տոհմի հին մարդկանց: Այդպես է եղել ֆեոդալական շրջանում ամենուր: Ազնվականի պարծանքի համար մեծ նշանակություն է ունեցել իր տոհմի ազնվական ծագումը, նախնիների գովեստով փառավորվում էր գուսաններին հովանավորող իշխանը։ «Պարսից պատերազմ» վեպի մեջ Արշակն ու Մամիկոնյանները պարծենում են իրենց ծագումով: Բացի այդ՝ իրենց արված պատվերը լավ կատարելու համար՝ երգիչները ոչ միայն բանաստեղծորեն մշակում էին նոր եղելությունները, այլև շարունակ վերամշակում և հարակցելով աճեցնում էին նախորդ գուսանների երգերը և հին ավանդություններն ու պատմական գրույցները, և այս ամենը մի սյուժետիկայով, որ որոշվում էր իշխանների կենցաղով և նրանց միտումներով ու շահերով։ Այսպիսի վերամշակումը հարակցությամբ երևում է մեր վիպական երգերից, որոնց կդառնանք հետոո[1]: Այսպիսով հորինվել են ավանդական վեպերը,— լինի «Վիպասանք», թե «Պարսից պատերազմը», իրենց բազմաթիվ պատումներով ու բազմազան դրվագներով:
Այսպիսի վեպեր հորինող, ասող ու երգող գուսաններն արդեն կոչվում էին վիպասան։ Հին վիպասաններն, ուրեմն, նույն գուսաններն են, միայն վեպ ասող։ Կնշանակե՝ գուսանը և՛ ուրախության ու սիրող, և՛ կոծի երգիչ է, և՛ վիպասան է, այսինքն պատմություն անող, որով վիպասանը դառնում է պատմիչ, միայն ոչ գրավոր, այլ բերանացի, ինչ որ սկզբնապես եղել է այդ բառի նշանակությունը: Հին վիպասանը ֆեոդալական միջավայրի երգիչ-պատմիչն էր։ Դրա համար և վիպասանների բանահյուսության մեջ լայն չափերով անդրադարձած ենք գտնում մեր ֆեոդալիզմը:
190
- ↑ Տե՛ս Մ. Աբեղյան «Վիպական երգեր», ՍՍՌՄ Գիտությունների Ակադեմիայի Հայկական Ֆիլիալի «Տեղեկագիր» № մ-5, Երևան, 1940, էջ 45 և հան.: