Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/194

Այս էջը սրբագրված է

Պապ թագավորն էլ Մուշեղին է նույնպես վարձատրում իր ռազմական քաջագործությունների համար։

Բազում պարգևս, և պատիւս, և բազում գիւղեան
Զորավարին Մուշեղի Պապն շնորհէր։

Բուզ. Ե. 4.

Երբ երեսնամյա պատերազմից հոգնած նախարարները լքում են Արշակին, խորհրդի ժամանակ Ներսեսն ասում է նրանց, որ նրանք իբրև ծաոաներ հնազանդ մնան թագավորին.

Զի ամենեքեան դուք աւադիկ կայք և վկայեք,
Մանաւանդ զի ամենեքեան դուք
Կեցեալ էք յաղդէդ Արշակունոյ,
Ոմանք ի ձէնջ գաւառատեարք լեալք ի նոցանէն,
Եվ ոմանք մեծամեծ աշխարհաց
Ոմանք աւագ աւագ աւանաց,
Գեղից և գանձուց տեարք լեալ էք
Եվ պէսպէս դաստակերտացն:

Բուզ. Գ. 51.

Մամիկոնյան հերոսները վեպի իդեալական անձերն են, թագավորի և առհասարակ Արշակունիների հավատարիմ ծառաները։ Բայց նրանց մեջ ևս վիպասաններն անդրադարձրել են իրական կյանքի պատկերը։ Նրանք էլ թագավորին ծաոայում են իրենց շահերի համար։ Թագավորները պարտական են նրանց «Կեանս առնել ընդ վաստակոցն» (Բուզ. Ե. 37)։ Բավական է, որ հակառակը լինի, թագավորը նրանց շահերի դեմ գնա, այն ժամանակ հզոր Մամիկոնյանը պաարաստ է հեռանալու թագավորից և նույնիսկ թույլ Արշակունի թագավորին պատերազմով դուրս քշելու երկրից։ Բայց քանի որ սպարապետները վեպի իդեալական անձերն են հավատարմության նկատմամբ, այդպիսի արարքն արդարացված է այսպես․

Նա դու չես իսկ Արշակունի,
Այլ ի պոռնկութենէ եղեալ ես որդի.
Վասն այդորիկ ոչ ծանեար զվաստակաւորսն Արշակունեաց . . .
Այլ զի դու քանզի չես Արշակունի,
Գնա յաշխարհէս, և մի՛ մեռանիր ի ձեռաց իմոց։

Բուղ. Ե. 37.

Այսպիսի պատգամ է ուղարկում Մանուել սպարապետը Վարազդատ թագավորին, որ սպանել էր տվել Մանուելի եղբայր Մուշեղին։ Բայց նույնիսկ այսպիսի դեպքում էլ, երբ Մամիկոնյանի շահն ընդհարվում է թագավորի շահի հետ, նա անարգում է միայն այն անձին, որի հետ պատերազմում է, և ոչ ընդհանրապես Արշակունիներին, որոնց նա հավատարիմ ծառա է։
204